«Հայաստան՝ յաղթանակէ  զատ ելք չունի»

s.jpgԹուրքիայի կենսունակ սրտում՝ Ստամբուլում հրապարակվող «Ակոս» լրագրի համարներից մեկում մեծ տառերով գրված է. «Հայաստան՝ յաղթանակէ  զատ ելք չունի»: Նույն համարի մեկ այլ նյութում՝ խմբագիր Բագրատ Էստուկյանի խմբագրականում հետևյալ միտքն ու կոչը կա. «….Սա պահուն այլեւս ետդարձի փուլը վերջնականապէս հատած ենք: Չենք կրնար փողոցներէն ետ քաշուիլ…. Ուրիշ ճար, ուրիշ միջոց գոյութիւն չունի: Պիտի պայքարինք ու պիտի յաջողինք»: 

Դե հիմա պատկերացրեք՝ աշխարհին հուզող այդ պատմական օրերին Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու լուրը «Ակոս»-ի խմբագրատանն իմանալու վայելքը: Երբ մտնում ես Պոլսո գողտրիկ թաղերից մեկում գտնվող խմբագրատունը ու զգում սրտիդ պես արագ բաբախող էլի շատ սրտերի առկայություն, տեսնում  շատ համակարգիչներ, որոնց էկրանին ուղիղ եթերով վարչապետի ընտրություններն են, շատ աշխատակիցներ, որ  բան ու գործ թողած՝ հետևում են այդ եթերին:

Դե հիմա էլ աղմուկ-աղաղակը, ջերմ լիցքերը պատկերացրեք ավետիսից հետո… զգացի՞ք… լավ է, չէ՞… բա մե՛զ համար ինչ լավ էր: Ա՜յ, թե թերթի հիմնադիր խմբագիրը ողջ լիներ: Եվ, այնուամենայնիվ, ուրախությունն ամենքինս էր, ու դա հրաշալի է: Այսուհետ թերթի մեծ-մեծ տառերով գրված վերնագիրը ամենօրյա, մշտական պատգամ է՝ «Հայաստան՝ յաղթանակէ  զատ ելք չունի»:

 

Նյութում տեղ գտած նկարները՝ Անի Սարգսյանի

Այս նյութը հրատարակվել է Без рубрики, Մանանա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն