Երբ հոգևոր կրթությունը դառնում է նախագծային աշխատանք

56675260_2589021534503998_854664248129748992_nԳիտնական պետք չէ լինել հասկանալու համար, որ ամենաարդյունավետ, իրական, մնայուն կրթությունն ու գիտելիքը  ձեռք են բերվում գործնական աշխատանքի շնորհիվ՝ տեսնելով, հետազոտելով, ուսումնասիրելով: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր բաց, անընդհատ փոփոխվող միջավայրով, ճամփորդություններով և բազմապիսի նախագծերով նպաստում է այդպիսի կրթության իրականացմանը:

Կրթահամալիրում այս սկզբունքով է իրականանում նաև հոգևոր-մշակութային կրթությունը:

Կրթության մասին օրենքում նշված է, որ կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է, և Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, ինչին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

Առհասարակ դեմ եմ հոգևորը մեզնից օտարելուն: Այստեղ  խոսքը բնավ քարոզի մասին չէ: Ամենքս   պիտի հարգենք դիմացինի հավատամքն ու դավանանքը, բայց նաև չխուսափենք մեր կրոնից՝ քրիստոնեությունից: Մենք չենք կարող ստիպել սովորողին աղոթել. դա իր ընտրությունն է, իր որոշումը, սակայն մենք կարող ենք ցույց տալ, օգնել նրան ծանոթանալ եկեղեցական ծեսերին, խորհուրդներին, որոնք մեր կյանքի մաս են:

Երբ նոր էի կրթահամալիրում, ինձ տարօրինակ թվաց, որ  ուսումնական պլանում ներառված չէ «Հայ եկեղեցու պատմություն»  առարկան: Սակայն ծանոթանալով իրականացվող ծրագրերին, նախագծերին, հասկացա, որ այդ բաղկացուցիչը այլ կերպ է ներառված ծրագրերում: Նախանձախնդիր վերաբերմունք ունենալով քրիստոնեության, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ես էլ էի իմ նախագծերում ներառում այն: Ճամփորդությունների, առաջարկվող ընթերցողական նյութերի, քննարկումնների  միջոցով սովորողներին փորձում էի հաղորդ դարձնել հոգևոր կյանքին ու թեմաներին: Ու հենց այս ամենի բովում էլ առաջին բացահայտումս արեցի. փաստորեն կարելի է այդ ամենը բերել ուսումնական կյանք, տարբեր նախագծերի միջոցով իրականացնել հոգևոր  կրթություն: Այստեղ էր, որ գտա իմ դպրոցական տարիների ցանկության իրականացումը շատ պարզ ու հասարակ ձևով: Երբ մեզ պատմում էին պատարագի մասին, մտածում էի, թե ինչո՞ւ պատարագի, ժամերգության մասին այսքան պատմելու փոխարեն (պատմածն էլ պիտի վերարտադրեինք մյուս դասին) մի անգամ չեն տանում՝ տեսնենք դա: Ու նման հարցերը շատ էին, իսկ դրա լուծումը, պարզվում է, հեշտ է ու հաճելի: Կրթահամալիրում այս ամենը համակարգվում է նախագծերի օգնությամբ:  Օրինակները շատ են: Մեկը «Ուսումնական պատարագ» շուրջտարյա նախագիծն է, որ ամբողջական պատկերացում է տալիս պատարագի մասին: Մյուսը՝ առավոտյան ընդհանուր պարապմունքներին մշտապես հնչող հոգևոր երգերը, շարականները:

Քրիստոնեությունը կյանքի կրոն է, և բնական է, որ այն թեմաները, որոնք շոշափվում են Սուրբ գրքում կամ դավանաբանական այլ գրքերում, սուրբ հայրերի ճառերում ու քարոզներում, կարելի է հանդիպել այլ առարկաների դասագրքերում և թեմաներում, հետևապես այդ թեմաներին կարելի է անդրադառնալ շատ առարկանեի շրջանակներում: Ինքս էլ մշատպես անդրադառնում եմ: Սակայն մեր սովորողները շատ են հարցասեր (ու դա հրաշալի է), և այս պարագայում շատ են  դեպքերը, որ հոգեբանական ու փիլիսոփայական մի շարք հարցադրումներ  ծարավ են մնում պատասխանների: Իհարկե,  սեփական կարծիք ամեն պարագայում հնարավոր է հայտնել, բայց չի կարելի կարծել, թե կրոնագիտությունն ու եկեղեցագիտությունն այնքան պարզունակ ոլորտներ են, որ դրանց մասին կարծիքդ հայտնելով սահմանափակվես:

Ահա այս մտածումներով ծնվեց «Հոգևոր Էջմիածին»  նախագիծը: Սա է պատճառը, որ կարևորում եմ դպրոցականների հանդիպումները հոգևորականների հետ: Նախագծի շրջանակում էլ հենց դա ենք անում: Ամեն ամիս նախապես որոշված թեմայով քննարկում-նախապատրաստվում ենք հոգևոր զրույցին: Նույն թեմայով սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ, հարցազրույցներ, վիդեո-ռադիո նյութեր: Գրելուց հետո լսում ենք իրար կարծիքներ, քննարկում թեման, ասում մեզ անհանգստացնող, հուզող հարցերը, փորձում գտնել պատասխաններ:  Աշխատանքներն իրականացնելուց հետո հանդիպում ենք ունենում  հոգևորականի հետ, քննարկում, լսում հետաքրքրող հարցի մասին քրիստոնեական մոտեցումը:

Հետաքրքիր է նաև թեմաների ընտրությունը. դրանք անպայման պետք է լինեն սովորողների «ճաշակով» ու ցանկությամբ: Մեր առաջին հանդիպման թեման, օրինակ, ստի և ճշմարտության դերն էր մարդու կյանքում: Նախագիծն իրականացնում էինք վեցերորդ դասարանում (ամեն ամիս նախագծային խումբ է դառնում մի դասարան, որպեսզի ոչ մի դասարան անմասն չմնա հանդիպումներից): Վեցերորդցիները նախապես գրել էին իրենց կարծիքները թեմայի մասին, որոնց կարող եք ծանոթանալ լուսաբանման մեջ, իսկ հանդիպումից հետո՝ նաև տպավորությունները: Այս հանդիպման թեման հավաստումն է նրա, որ քրիստոնեությունն առաջին հերթին համամարդկային արժեքներ է փոխանցում, ինչն ամենակարևորն է սովորողների համար:

 

 

Մեկ այլ հանդիպման թեման յոթ խորհուրդներից մկրտությանն էր վերաբերում: Սա նաև համակրթահամալիրյան նախագիծ դարձավ: Բոլորս սովորում, ուսումնասիրում էինք մկրտության խորհուրդը, հոգևոր երգերը, որոնք կատարվում են այդ խորհրդի ժամանակ:

Լավ առիթ էր, որ աշակերտները իմանային, թե ինչ է մկրտությունը,

ի՞նչ է ընդհանրական մկրտությունը,

և ո՞վ է կնքահայրը:

Հրճվանք եմ ապրում, որ հոգևոր ուղղվածության այսպիսի նախագծեր են գործում  կրթահամալիրում, որովհետև դրանց շնորհիվ մեր սովորողների մտքին, հոգուն, սրտին հասանելի են դառնում քրիստոնեական արժեքները՝ սերը, հավատարմությունը, ընկերասիրությունը, ազնվությունը… Մեր եկեղեցին, հոգևորականը, բոլոր խորհուրդները, որ կատարվում են եկեղեցում,  անհասանելի չեն  սովորողին: Մերօրյա դեռահասը հասկանում է՝ իրենով է, որ եկեղեցին եկեղեցի է կոչվում, ինքն է այդ եկեղեցուն շունչ տվողը, իսկ կդառնա՞ «շունչ տվող», թե՞ չի դառնա՝   իր խղճի, մտքի որոշելիքն է:  Մեր խնդիրը նրան այդ ճանապարհը ցույց տալն է՝ հավատարիմ մնալով Կոմիտաս վարդապետի, մանկավարժի խորհրդին՝ «Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդութիւնը, հանցանքն ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ Դաստիարակութեան արդյունք է, որ շատերը որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր…Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղութեամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը…»:

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Հոգևոր նյութեր, Մանանա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s