Ապրիլ ամսվա առաջադրանքներ.8-րդ դասարան

images

Ապրիլ 30

. Կարգի՛ բեր բլոգդ: Վերհիշի՛ ր ապրիլ ամսին կատարած բոլոր աշխատանքները:
Թարգմանություն

  • Այս կայքերից՝ 1,    2,   ընտրի՛ր երկու առակ և թարգմանի՛ր հայերեն, տեղադրի՛ր բլոգումդ:
  • Թարգմանության համար այլ աշխատանքներ ընտրի՛ր այս կայքի բաժիններից:
  • Անգլերենից թարգմանության նյութերը՝ այստեղից:

Ապրիլ 29

. Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները.

պարագաներ:
. Կարգի՛ բեր բլոգդ:

Ապրիլ 26

. Կարդա պատմվածքը: Բլոգում կատարիր  առաջադրանքները

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս 1-ին

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։

Մաս 2-րդ

Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

  1. Ցո՛ ւյց տուր, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դո՛ ւրս հանիր այդ հատվածները:
  2. Ցու՛ յց տուր, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դո՛ ւրս հանիր այդ հատվածները:
  3. Բացատրի՛ ր հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
    Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։
  4. Բնութագրի՛ ր տղային:
  5. Մեղադրի՛ ր նրան:
  6. Արդարացրու՛ :

 

Ապրիլ 25

. Կարդա՛  ժամանակակից գրող, հոգեբան, փիլիսոփա, բազմաթիվ գրքերի հեղինակ, ՌԴ գրողների միության անդամ Աննա Կիրյանովայի մտքերը: Դրանց մասին  բլոգում ներկայացրու կարծիքդ:   Պատրաստվիր քննարկման:

Աննա Կիրյանովա «Խոսիր, որ քեզ տեսնեմ»

Աննա Կիրյանովա «Ինչը չի սպանում միանգամից` սպանում է դանդաղ»

Աննա Կիրյանովա «Մարդահոտ»

Աննա Կիրյանովա «Նրանք ուղղակի գալիս են ետևից»

Ապրիլ 23

. Բլոգում տեղադրի՛ր և անգիր սովորի՛ր Դանիել
Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը:
. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
. Բանաստեղծության  նմանողությամբ դու էլ բլոգում գրիր, թե  ինչ ես ցանկանում աշխարհի չորս կողմերի համար:

Ապրիլ 22

Սովորի՛ր և կատարի՛ր առաջադրանքները.

Պարագաներ

Դասարանում

.Ժամանակակից բուդդայական մշակույթ. Ռինպոչե «Գիտելիքը ընդամենը գործիք է»

 

Ապրիլ 19

Թարգմանություն

  • Այս կայքերից՝ 1,    2,   ընտրի՛ր երկու առակ և թարգմանի՛ր հայերեն, տեղադրի՛ր բլոգումդ:
  • Թարգմանության համար այլ աշխատանքներ ընտրի՛ր այս կայքի բաժիններից:
  • Անգլերենից թարգմանության նյութերը՝ այստեղից:

.Բլոգում ներկայացրու’ ուրբաթյա նախագծով ընթերցած նյութը։

Ապրիլ 18

.Դիտի’ր Սուրբ Զատկին վերաբերող տեսանյութը և բլոգում ներկայացրու’,  թե ինչ սովորեցիր։ Կարող ես պատմել նաև, թե դուք ինչպես եք նշում այս տոնը։

 

Ապրիլ17

.   Սովորի՛ր և կատարի՛ր առաջադրանքները՝

վերաբերության և միասնության խնդիրներ:

Ապրիլ 16

.  Սովորի՛ր և կատարի՛ր առաջադրանքները՝

խնդիրներ:

Ապրիլ 15

. Կարդա՛ ստեղծագործությունը, դու՛րս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
. Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրիր մտքերդ այդ թեմայով:

Փորձություն։ Հնդկական հեքիաթ

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Ապրիլ 12

. Բլոգում ներկայացրու ուրբաթյա նախագծով ընթերցած ստեղծագործությունը:

. Կարդա Ղազարոս Աղայանի ՙՙԵրկու խոշոր չարիք՚՚ հոդվածը: Բլոգում ներկայացրու, թե դու ինչն ես չարիք համարում, ի՞նչ խնդիրներ ես տեսնում ներկայիս կրթական համակարգում, ի՞նչ փոփոխություններ  ե և որն է քո երազանքի դպրոցը:

Ապրիլ 11

 Շարունակում ենք ուսումնասիրել իրանական ստեղծագործություններ.

. Բաբար Թահեր-քառյակներ
. Ջալալ Ադ դին Ռումին 

. Ընթերցելուց հետո բլոգում ներկայացրեք ձեր մտորումները: Կարող եք վերլուծել մի քանի ստեղծագործություններ:

Ապրիլ 10

. Ընթերցի՛ր ժամանակակից իրանական պոեզիայից պատառիկներ:

.Կարդա նաև սա:
. Բլոգում կարծիքդ հայտնիր ներկայացվածի վերաբերյալ:
. Պոեզիայից ընտրիր որևէ հատված որպես վերնագիր և գրիր ստեղծագործական աշխատանք:

Ապրիլ 9

Տնային աշխատանք

Ուղիղ խնդիր, ներգորոծող անուղղակի խնդիր

 

Omar_Khayyam2

Ապրիլ 8

Օմար Խայամը պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ է: Նա գրել է միայն քառյակներ և համաշխարհային գրականության մեջ մտել որպես քառյակի անգերազանցելի վարպետ:

. Առաջարկում եմ դասարանում ու տանը ընթերցել Օմար Խայամի քառյակները, առանձնացնել առավել հավանածները և բլոգում վերլուծել: Կարող եք ներկայացնել նաև աուդիո կամ վիդեոնյութով:

Ունկնդրելու համար՝ այստեղ:

***
Մարդուս, ասում են մտքի շող է հարկավոր,
Կամ ծագումով բարձր ծնող է հարկավոր.
Այսօր այդպես է մեզ պատող շրջապատը,
Որ բոլորը ոչինչ, լոկ փո՜ղ է հարկավոր:

***
Թե չես խմում, մի էլ ծաղրիր խմողներին.
Դադար տուր այդ քո սուտ ու փուտ խրատներին,
Գլուխ տարար` հորդորելով, որ չխմեմ,
Քո բյուրավո՜ր մեղքերի մոտ ի՞նչ է գինին…

***
Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին,
Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,
Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելով`
Ստրկության ճամփով անցան՛ գնացին…

***
Ցավին սովորիր և ապրիր անվախ,
Փառքով մի՛ գերվիր և եղիր անկախ,
Մի՛ նայիր քեզանից բարձրին, մի՛ տանջվիր,
Այլ նայիր ցածրին, որ ապրես ուրախ:

***
Աշխարհից ինչ որ ուտում ես, խմում, քո մասն է արդար,
Եթե դու այն ձեռք բերելու համար մղել ես պայքար,
Բոլոր մնացածն ա՛յլ արժեք ունի. զգույշ, որ չնչին
Գնով չծախես թանկարժեք կյանքդ մնացածի համար…

***
Ոմանք տատանման մեջ են հավատի, կրոնի մասին,
Ոմանք փնտրում են, թե ինչն է ուղիղն, ինչ կասկածելին.
Մեկ էլ դարանից հանկարծ դուրս եկած մունետիկն ասաց.
«Հե՜յ, անտեղյակնե՛ր, ոչ այս է, ոչ այն ճշմարիտ ուղին»…

***
Մի՛ պահանջիր կյանքից շատ բան, ապրիր ուրախ, անկսկիծ,
Անկախ եղիր, ժամանակի բարիքից ու չարիքից,
Թող քո ձեռին լինեն գինին ու սիրունի վարսերը,
Թե չէ շուտով այս մի քանի օրն էլ կերթա մեր ձեռքից:

***
Դրախտում ասում են, փերի-հուրն անուշ է,
Կասեմ՝ դրախտից խաղողի ջուրն անուշ է,
Առ այս կանխիկն, ապառիկից ձեռ քաշիր,
Հեռվից է, որ թմբուկի ձենն անուշ է:

***
Աշխարհի մատյանի սկիզբ-վանկը սեր է,
Մեռածին օրհներգող մաղթանքը սեր է,
Ո՜վ դու, անտեղյակ սիրո աշխարհից,
Իմացիր այս անխախտ՝ որ կյանքը սե՛ր է:

***
Մինչև միաբան ձեռք ձեռքի չտանք,
Չենք անի ցնծությամբ վիշտը ոտնատակ,
Վե՛ր կենանք ու խնդանք մինչև լուսաբաց,
Լույս դեռ շատ կբացվի՝ մենք պառկած անկյանք…

***
Մի՛ նայիր մարդու դու ճարտարության,
Այլ նայիր նրա հավատարմության,
Տված խոստումը եթե կատարեց,
Քո իմացածից մեծ է անպայման:

***

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

***

Անցած օրը ետ կանչելդ իզուր ջանք է, սիրելիս,
Վաղվա մասին անրջելդ լոկ պատրանք է, սիրելիս,
Այս վայրկյանը մի կորցրու առանց գինի, առանց սէր,
Քեզ մնացած բաժին կյանքի գինր թանկ է, սիրելիս:

Առակ Հայելու մասին: Օմար Խայամ 

Մի իմաստունի հարցրեցին.
-Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում:
-Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
-Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
-Ինքս ինձ…
-Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…

Ապրիլ 1-5

Սիրելի՛ սովորողներ, առաջիկա շաբաթը նախագծային-ստուգատեսային շաբաթ է: Այս օրերին ինչպես դասարանում, այնպես էլ տանը կատարում եք հետևյալ նախագծի աշխատանքները:

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան, Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s