Մարտ ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան

Տնային աշխատանք 21.03.2019

. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրու չկատարված աշխատանքները, կրկնի՛ր այն բոլոր ստեղծագործությունները, որոնք անցել ենք այս ամսվա ընթացքում:
. Հետևյալ նախածանցներով և վերջածանցներով կազմի՛ր հնարավորինս շատ բառեր՝ 
ան, դժ, չ, ք, աբար, որեն, ային, եղեն, յա, ոց, ուտ, ուհի, ություն, առ, անդր, ստոր, տ, թեր, փոխ:

Տնային աշխատանք 20.03.2019

. Գրքից կատարի՛ր 101-103 առաջադրանքները:
. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրու՛ չկատարված աշխատանքները:
. Բլոգում գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով՝ նկարագրելով, թե քեզ համար ինչերն են հրաշալիքներ մեր կրթահամալիրում.

. Կրթահամալիրի յոթ  հրաշալիքները
. Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

Տնային աշխատանք 19.03.2019

. Ավարտի՛ր դասարանում սկսած ստեղծագործական աշխատանքը, տեղադրի՛ր բլոգում:

Բառի կազմությունը

Հիշի՛ր՝

Բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ ածանցավոր և բարդ ածանցավոր:

. Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են (տուն, շուն, տանձ, վարդ)

.Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր (անբան, տգետ, գիրք)

. Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր (ծաղկաման, էջանշան, հացթուխ)

. Մեկ արամտից և ածանցից կամված բառերը կոչվում են ածանցավոր բառեր (տնակ), մեկից ավելի արմատ և ածանց ունեցող բառերը՝ բարդածանցավոր բառեր (ութոտնուկ):

. Գրանցվիր կայքում և կատարիր աշխատանքները:

արմատ-ածանց
բառի տեսակն ըստ կազմության

. Գրիր, թե ինչ կազմության են նշված բառերը: Նշիր արամտներն ու ածանցները: Գրիր նաև այն բառերի բացատրությունները, որոնք չգիտես:

անպտուղ, գիր, գիրք, տուն, տնակ, բժշկուհի, խոզուկ, աշակերտուհի, գաղթական, անտուն,  ընտրանի, կատու, մուկ, բթամիտ, ծաղկաման, բթամտորեն, ինքնագոհ, սերնդափոխություն, ծածկաթերթիկ, հանճարեղաբար, ցնցոտիավոր, երկաթուղի, երկաթուղային, գրող, խանութպան:

. Ինքդ հորինիր տասական պարզ, բարդ, ածանցավոր բառեր:

Դասարանական աշխատանք

https://mediayntercaran.wordpress.com/2017/08/25/%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4/

Տնային աշխատանք 18.03.2019

. Համացանցից դուրս բեր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Եղիշե Չարենցի  մասին(«Չարենց» անվան մասին, Չարենցի սերերի մասին, մահվան առեղծվածի մասին և այլն): Տեղեկություններդ ներկայացրո՛ւ տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով:

. Անգի՛ր սովորիր Չարենցի հետևյալ բանաստեղծությունը.

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Տնային աշխատանք 15.03.2019

. Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է: Հանգստյան օրերին առաջարկում եմ դիտել այս տեղեկատվական կամ այս գեղարվեստական ֆիլմը:

. Կարդա՛ Ենգիբարյանի մանրապատումները, փորձի՛ր մի քանիսի մասին կարծիք հայտնել բլոգում: Ուրախ կլինեմ, եթե նաև ձայնագրես կամ տեսագրես:

Մի՜ նեղացրեք մարդուն

Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:

Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:

Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

Աղջկան, որ թռչել գիտե
Դու մի վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է տվել: Գիտե՞ս ինչպես: Տասնինը տարի առաջ կարողացել է սիրել: Մի՜ ծիծաղիր. անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՜ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:
Պարզ ճշմարտություն:


Ստվերը

Խնդրու՛մ եմ քեզ, տու՛ր ինձ քո ստվերը՝ այն զգեստով, որ զարդարված է թխկու տերևների միջով ճանապարհ հարթած արևի ցոլքերով։
Տու՛ր ինձ քո ստվերը, չէ՞ որ վաղը կծագի արևը, և դու ճիշտ այդպիսի գեղեցիկ ստվեր կունենաս։
Մի՛ վախեցիր, գետնին չեմ նայի, որ պատահմամբ չտեսնեմ, թե ինչպես է քո ստվերն իր ձեռքերը դնում ինչ-որ մեկի ուսերին։
Ես խնամքով կպահեմ քո նուրբ սլացիկ ստվերը, իսկ երբ անձրև գա, ես այն քեզ կվերադարձնեմ, և դու հպարտ, կքայլես մեր քաղաքում։ Անցորդները զարմացած կնկատեն. «Տեսե՛ք, անձրև է գալիս, իսկ այս աղջնակը երկար ոտքերով ստվեր ունի։ Այդպիսի բան հնարավոր չէ»:
Պարզապես նրանք չգիտեն, որ մարդիկ, որոնց սիրում են, միշտ էլ արտասովոր են լինում:


Ես կրկին միայնակ եմ

Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…

Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ  քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան`  միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Անկում

Երբ ջարդուփշուր եղա, ինձ տարան ցուրտ հիվանդասենյակ: Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից տանում են: Իսկ ես շատ էի ուզում հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով:

Ես փորձեցի հիշել, թե հանուն ինչի՞ կարելի է ապրել:

Հանուն արևի՞:

Արև բոլորն ունեն:

Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, մայիսյան ամպրոպի՞: Եվ վերապրեցի՝  հիշելով թարթիչներիդ դողն այտերիս: Ես վերապրեցի ու հասկացա արևը, գարունը, առաջին ձյունը, մայիսյան առաջին ամպրոպը:

Նորից հպվիր այտիս:

Ճանապարհ

Ես մեկնում եմ:

Վաղն արդեն կմեկնեմ:

Ուղին կլինի երկար, երկար:

Կգնամ գնացքով:

Գնացքը կունենա հարյուր, գուցե հազար ու բյուր վագոն:

Յուրաքանչյուր վագոն կունենա հարյուր պատուհան, որովհետև ամեն վագոն մի հարյուրակ է:

Կբարձրանամ վերջին վագոնն ու կկանգնեմ վերջին վագոնի պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտ լինեմ քեզ…

Տնային աշխատանք 14.03.2019

. Վաղը չեք մոռանում ձեզ հետ բերել գիրք, գրադարանից այդ օրը գիրք թույլ չեմ տալու վերցնել:
. Ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

. Ինձ անհրաժեշտ է…
. Սիրեք և դուք կլինեք սիրելի
.Մտքերը ցանկությունների ծառաներն են
.Ինչ էլ որ պատահի՝ ամեն ինչ լավ է
.Երջանկությունը միշտ ձեզ հետ է…
. այլ

Տնային աշխատանք 13.03.2019

. Ընթերցի՛ր կրթահամալիրի տնօրենի հետևյալ գիրը: Բլոգում ներկայացրու՛ կարծիքդ, հարցադրումներդ որևէ հատվածի վերաբերյալ (հետաքրքիր կլինի, եթե կարծիքդ գրես կրթահամալիրի հրաշալիքների մասին, թե քեզ համար դրանք որոնք են, ինչպես նաև կրթահամալիրի զարգացման ծրագրի մասին, թե քո կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ կթահամալիրն էլ ավելի ծաղկի, զարգանա): Աշխատանքը հրապարակի՛ր բլոգում և ուղարկի՛ր էլ. հասցեին:

Տնային աշխատանք 12.03.2019

. Գրի՛ր տեղեկություն Եղ․ Չարենցի «Տաղարան» շարքի մասին․ անգի՛ր սովորիր շարքի որևէ բանաստեղծություն, որը դեռ անգիր չենք սովորել։

.Ընթերցի՛ր Եղ. Չարենցի առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» ( 1912թ.)

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին….

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

  1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:
  2.  բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտի՛ր տրամադրություն ստեղծող բառերը):

Տնային աշխատանք 11.03.2019

. Եղիշե Չարենցը գրել է ռուբայաթներ: Թե ինչ է ռուբայաթը, կարդա այստեղ: Կարող ես կարդալ նաև Չարենցի ռուբայաթները: Հետաքրքիր կլինի, եթե բլոգում մեկ-երկուսը վերլուծես:

. Անգի՛ր սովորիր հետևյալ ռուբայաթը.

1.Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

.Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։

Վարդանը սփր-նեց աչքերը շողացին մռայլ մի ցոլքով և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց որոնք գնում էին դեպի սխրագործություն որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժը իր թիկունքում զգալով վճռեց կռվել մինչև վեր-ին շունչը։

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մ-րճվեցին պարսիկների մեջ սկսվեց մի ահավոր նախ-իր։ Մատյան գունդը ըն-րկեց և սկսեց հետ-հետ շրջվել իրեն քաշելով պատառոտված  թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց բայց իսկույն ևե- մխրճվեց ա-  թևը  Ս-նյաց ու-տադրուժ զորագնդերի մեջ որոնք չկարողանալով անդրադար-նել այդ հու-կու հարվածը ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ բայց ո-ելից կռիվը։ Թվում էր վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պո-թկում բռնակալների դեմ։

Տնային աշխատանք 7.03.2019

.Անգիր սովորիր Եղիշե Չարենցի հետևյալ բանաստեղծությունը.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

. Բանաստեղծությունից գտի՛ ր փոխաբերությունները:
. Կարդա՛  Չարենցի բանաստեղծությունները: Ընտրի՛ ր մի բանաստեղծություն, որ քեզ ավելի շատ դուր եկավ՝ դասարանում ներկայացնելու համար:

Տնային աշխատանք 6.03.2019

.    Գրքից  կատարի՛ ր 92, 93, 94 առաջադրանքները:
. Դարձվածաբանական բառարանից կամ հետևյալ էջից առանձնացրո՛ ւ քեզ համար զվարճալի, հետաքրքիր, տարօրինակ դարձվածքները, սովորի՛ ր բացատրությունները (15դարձվածք):

Տնային աշխատանք 5.03.2019

. Կատարի՛ր հետևյալ առաջադրանքներից մեկը: կարող ես կատարել նաև երկուսը:

. «Հնարամտությունը օգնում է շատ դեպքերում» կամ քո ընտրությամբ թեմայով ստեղծագործական աշխատանք:

. Թարգմանական աշխատանք: Թարգմանական տեքստը կարող ես գտնել հետևյալ կայքերից՝ 1,  2, 3

Տնային աշխատանք 4.03.2019

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ


Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

. Գտի՛ր ընդգծված բառերի հականիշները: Գրի՛ր բլոգում:
. Փորձի՛ր բացատրել, թե ինչու է հեղինակը քեզ նվիրել հեքիաթը: Ի՞նչ է ուզում ասել քեզ:
. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության… մասին:

 

Տնային աշխատանք 1.03.2019

. Բլոգում ներկայացրու՛ ուրբաթյա նախագծով ընթերցած ստեղծագործությունը:
. Համացանցում որոնի՛ր, գտի՛ր Վահան Տերյանի ժողովածուները: Կարդա՛ դրանք: Առաձնացրու՛ քեզ դուր եկած բանաստեղծությունները, որպեսզի ներկայացնես դասարանում: Թե ինչ ձևով կներկայացնես, որոշի՛ր դու:
.Անգի՛ր սովորիր հետևյալ բանաստեղծությունը.

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

 

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան, Առաջադրանքներ (6-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s