Փետրվար ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան

Տնային աշխատանք 28.02.2019

. <<Գարուն>> բանաստեղծությունը ձայնագրիր կամ տեսանկարիր և հրապարակիր բլոգում: Կարող ես այս առաջադրանքը կատարել ընտանիքի անդամների կամ դասընկերների, ծանոթների հետ միասին:
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Գարնանամուտի խոհեր
  • Ինչ կլիներ, եթե…
  • Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ
  • Ինչն է ինձ խանգարում երջանիկ լինել
  • Աշխարհը կանգնուն է մարդկանց շնորհիվ
  • Լինել ազնիվ և արդարացի
  • Մի վախեցեք սիրել

Տնային աշխատանք 27.02.2019

.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:

Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից և գտել են նրանց բնակարանը, որը քարանձավ է եղել: Պարզվում է,  որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել  կրակից,  իսկ որպես հագուստ  օգտագործում են վայրի  կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով. որը կացարանի շրջակայքում  շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ, քարայր:

Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Պատրաստակամ. Կարդալ. Տարի, երամ, թակարդ, պարգևել, մառան. թութակ, տակառ:

Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է:

Հասկանում ենք:

Հեռանում են:

Մոռացել ես:

Գտա:

Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի՛ր:

Որ խոսքր կարճեր, ավելորդ  բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):

Պարանը կարճ էր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կա­պեր. երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խո­նարհ էր. իջեցներ)

Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի

 

Տնային աշխատանք 26.02.2019

. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրո՛ւ չկատարած աշխատանքները:
. Ավարտի՛ր և բլոգում  տեղադրի՛ր Տերյանի կյանքին վերաբերող աշխատանքը:
. Անգի՛ր սովորիր Տերյանի <<Գարուն>> բանաստեղծությունը.

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Տնային աշխատանք 25.02.2019

. Բլոգում ներկայացրու՛ ՙՙՀայերենն իբրև հնդեվրոպական լեզու՚՚ խորագրով ուսումնասիրություն:
. Դիտի՛ր Վահան Տերյանի մասին պատմող հետևյալ ֆիլմը:

Տնային աշխատանք 22.02.2019

. Ովքեր չեն սովորել, անպայման կարդան և սովորեն նախորդ հանձնարարությունը: Երկուշաբթի օրը հարցնելու եմ:
. Բլոգում ներկայացրո՛ւ դպրոցում ընթերցած ստեղծագործությունը:
. Կատարի՛ր թարգմանական աշխատանք: Կարող ես օգտվել հետևյալ կայքերից.

կայք 1
կայք 2
կայք 3

Տնային  աշխատանք 21.02.2019

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»:  Օրվան նվիրված՝ առաջարկում եմ հետևյալ աշխատանքը.

. Կարդա՛ նյութը, պատասխանի՛ր հարցերին․

  1. Ի՞նչ գիտես Հնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման մասին։
  2. Հնդեվրոպական լեզվաընտանիքը քանի ճյուղի է բաժանվում, որո՞նք են։
  3. Հայերենը որևէ ճյուղի պատկանու՞մ է, քանի՞ շրջանների է բաժանվում։
  4. Քանի՞ ճյուղերի են բաժանվում հայերենի բարբառները։
  5. Պատրաստվիր, որ որևէ մեկը լեզվաճյուղերից ներկայացնես բանավոր։

 

Տնային  աշխատանք 20.02.2019

. Կարդա՛, պատրաստվի՛ր քննարկման:

Սև ոչխարը:  Բրունո Ֆերեո

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Գործնական քերականություն

.Լեզու, օդ, երես  բազմիմաստ  բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

բ) Աղքատ, խեղճ:

գ) Գույն, երանգ:

Տնային և դասարանական աշխատանք 19.02.2019

. Դասարանում ընթերցել Թումանյանի որևէ ստեղծագործություն և ներկայացնել բլոգում:

.     Գրքից  կատարի՛ ր 88-91 առաջադրանքները:

Հիշի՛ ր՝

  • Նույնանուներն այն բառերն են, որոնք համընկնում են հնչողությամբ և գրությամբ, բայց տարբեր եմ իմաստով.

    Oրինակ՝ հոտ — բուրմունք և հոտ — ոչխարի հոտ, տոն — իրադարձություն և տոն — խոսքի զգացմունքային կամ ոճական երանգ, փող — դրամ, փող — խողովակ և այլն։

Նույնանունները լինում են.

  • Բացարձակ կամ լրիվ նույնանուններ կամ համանուններ են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ։ Օրինակ՝ կետ (ծովային կենդանի) – կետ (կետադրական նշան), հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ), փող (խողովակ) – փող (դրամ)։
  • Մասնակի նույնանուններ կամ համանունները տարբերակվում են երեք տեսակի.
  1. Համաձևեր կամ համաձև նույնանուններ, այսինքն՝ արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը.

    Օրինակ՝ արի (քաջ) – արի (եկ), հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի, ծառատեսակ), կրի (շաղախանյութ, սեռական հոլով) – թող կրի (կրել բայի ձև), գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից), անարգել (առանց արգելքի) — անարգել (ստորացնել, անպատվել) և այլն,

  2. Համագիրներ  կամ համագիր նույնանուններ, որոնք գրվում են միատեսակ, բայց տարբեր են արտասանվում.

    Օրինակ՝ բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ), որդի ( որդի բառի ուղղական հոլով արտասանվում է որթի) — որդի (որդ բառի սեռական հոլով),

  3. Համահունչներ (հոմոֆոններ) կամ համահունչ նույնանուններ, որոնք տարբեր են գրվում, բայց միատեսակ են արտասանվում. Օրինակ՝ աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն), ուղտ – ուխտ, հսկա ցանկ (մեծ ցանկ) — հսկացանկ (հսկման ենթակա ցանկ) և այլն։

 

Տնային աշխատանք 18.02.2019

. Պատրաստվում ենք «Թումանյան 150» նախագծով ճամփորդությունը.
Յուրաքանչյուրդ կարդացեք, վերհիշեք և ծանոթ եղեք բերանացի ասելու նյութին: Նյութն ունեցեք ներբեռնած հեռախոսներում:
. Ամփոփեք և մինչ օրվա ավարտն ինձ ուղարկեք Թումանյանին նվիրված նախագծային աշխատանքը.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

Տնային աշխատանք 15.02.2019

. Բլոգում ներկայացրո՛ւ ուրբաթ օրը դասարանում ընթերցած ստեղծագործությունը:
. Սովորիր  հետևյալ բանաստեղծությունը: Կարող ես լսել նաև երգը.

Ա՜խ, ի՜նչ լավ են

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Տնային աշխատանք 14.02.2019

. Բլոգում փորձիր վերլուծել ստեղծագործությունը՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

  • Դիտի՛ր նաև  «Տերն ու ծառան»  ֆիլմը:
  • Ի՞նչ գիտես մարդու աշխատանքային իրավունքների մասին․ կա՞ այդ իրավունքների խախտման դրսևորում այս հեքիաթում․ գրի՛ր հիմնավորված պատասխան:
  • Նկարագրի՛ր տիրոջ և ծառայի հարաբերությունը պատմվածքում:
  • Բնութագրի՛ր կերպարներին։ Ո՞վ էր արդար վարվում, ինչու՞։
  • Տեղեկություններ գրի՛ր համանուն ֆիլմի մասին։

 

Տնային աշխատանք 13.02.2019

. Վերհիշիր Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

1918
. Կարդա՛   «Տերն ու ծառան» հեքիաթըՏնային աշխատանք 12.02.2019

 

. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի առաջին հատվածը ովքեր չէին պատասխանել կամ վատ էին սովորել, անպայման սովորում են: Հարցնելու եմ բոլոր չպատասխանածներին:

.    Գրքից  կատարի՛ ր  76, 80, 82, 83 առաջադրանքները:

Տնային աշխատանք 11.02.2019

. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի առաջին հատվածը սովորի՛ր անգիր:
. Համացանցում որոնի՛ր և բլոգում գրի՛ր հետևյալ բառերի բացատրությունները՝
բարձրագահ, ծիծղուն, ամեհի, կտրիճ, մռայլ, լայնալանջ, պայազատ, անշեջ, ճրագ:
. Սովորի՛ր անգիր հետևյալ բառերի գրույթունները.
բարձրագահ, մեջք մեջքի, կտրիճ,   անշեջ, ճրագ, արքա, ծերություն, աշխարհ:

Տնային աշխատանք 8.02.2019

. Բլոգում ներկայացրո՛ւ, թե ինչ ստեղծագործություն ես ընթերցել դասարանում:
.Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը
. Փորձի՛ր վերլուծել ստեղծագործությունը՝ պատասխանելով  հետևվյալ հարցերին՝ 
. Ըստ քեզ՝ որքանո՞վ է կատարվածը արդիական, իրական մեր օրերում
. Եղե՞լ է Փարվանա ամրոցը (Փարվանա լճի մասին ի՞նչ գիտես)
. Աղջկան արժանի շուքով ամուսնացնելու համար ի՞նչ քայլերի է դիմում Փարվանա արքան:
. Ինչպե՞ս են կտրիճները մրցում Փարվանա դստերըը տիրանալու համար
. Ի՞նչ է պահանջում աղջիկը մրցույթի ելած կտրիճներին (քո վերաբերմունքը այդ պահանջին)
. Ինչու՞ են խորտակվում Փարվանա դստեր երազանքները: Ինչու՞ չեն իրականանում նրա ցանկությունները:

 Կարդա նաև՝ Բալլադը (գեղոն) չափածո խոսքի տեսակ է: Կազմված է քնարական և պատմողական մասերից: Բալլադը որպես գրական տեսակ ձևավորվել է միջնադարյան Եվրոպայում: Բալլադ էին կոչում երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները: Այդ իսկ պատճառով ժամանակին այն հայերեն թարգմանվել է պարերգ, պարերգություն: Բալլադը ոչ մեծ ծավալի ստեղծագործություն է: ՈՒնի լարված ու արագընթաց դիպաշար, նյութը անսովոր ու երևակայական բովանդակություն ունեցող որևէ ավանդություն է:

Տնային աշխատանք 7.02.2019

. Աշխատանքը կարող եք կատարել նաև զույգով կամ խմբով:

Յուրաքանչյուրդ ձեր բլոգում ռադիոնյութով, վիդեոնյութով կամ գրավոր տարբերակով ներկայացնում եք աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Հայերենի բառարաններ, տեսակներ
  • Բառարանները nayiri.com-ում
  • Բառարանների ընտրություն, ընթերցում
  • Բառարանաստեղծում՝ թումանյանական, տերյանական, չարենցյան, … բառերի բառարան, էպոսաբառարան,  խաղողագործ-գինեգործության բառարան, քանդակագործի բառարան և այլն
  • Բառարանագովք-բառարանագովազդ

Կարող եք նաև ներկայացնել, թե ձեր ընթերցած, ուսումնասիրած բառարանում ո՞րնք են ձեզ համար ամենահետաքրքիր, ամենազարմանալի, ամենազվարճալի, ամենահուզիչ, ամենախորը, ամենանշանակալից… բառերը:
. Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք տիրապետում են որևէ բարբառի, կարող են խոսել այդ բարբառով կամ տեղյակ են տվյալ բարբառից, կարող եք ունենալ նաև հարցազրույց՝ ներկայացնելով այդ բարբառի առանձնահատկությունները, թե ինչ քերականական, հնչյունային առանձնահատկություններ կան, ի՞նչ հետաքրքիր բառեր կան տվյալ բարբառում:
. Կարող եք գտնել տարբեր բարբառներով ստեղծագործություններ և ընթերցել, ձայնագրել ու հրապարակել բլոգներում:

Յուրաքանրյուրդ մինչև փետրվարի 18-ը ներկայացնում ենք նախագծային նյութ՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

Աշատանքը կարող եք կատարել հարցազրույցի, զրույցի, ռադիոնյութի, վիդեոնյութի, ներկայացման (պրեզենտացիա) միջոցով կամ՝ գրավոր տարբերակով:

Փորձում եք կատարել հնարավորինս հետաքրքիր, անմիջական՝ փորձելով ներակայացնել նաև ձեր զգացումները, ապրումները, մտորումները:

Տնային աշխատանք 6.02.2019

. Ընթերցում եք Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և առանձնացնում տասը բարբառային բառ ու գրում դրանց բացատրությունները: Բառերի բացատրությունները կարող եք գտնել Հայոց լեզվի բարբառային բառարանում: Եվս տասը բարբառային բառ մտածեք ընտանիքի, ընկերների հետ:

. Իսկ դուք Հայաստանի տարբեր մարզերում լինու՞մ եք: Նկատու՞մ եք բառապաշարի, հաղորդակցման տարբերությունը: Ի՞նչ եք կարծում՝ բարբառները լեզվին  անհրաժե՞շտ են: Ինչու՞:  Ի՞նչ բարբառների եք ծանոթ: Թումանյանը ի՞նր բարբառ է կիրառում իմ ստեղծագործություններում:

Յուրաքանրյուրդ մինչև փետրվարի 18-ը ներկայացնում ենք նախագծային նյութ՝ հետևյալ թեմաներից մեկով.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Թումանյանի հոդվածների վերլուծություն

Աշատանքը կարող եք կատարել հարցազրույցի, զրույցի, ռադիոնյութի, վիդեոնյութի, ներկայացման (պրեզենտացիա) միջոցով կամ՝ գրավոր տարբերակով:

Փորձում եք կատարել հնարավորինս հետաքրքիր, անմիջական՝ փորձելով ներակայացնել նաև ձեր զգացումները, ապրումները, մտորումները:

Տնային աշխատանք 5.02.2019

. Դիտե՛լ Հովհաննես Թումանյանի մասին պատմող ֆիլմը: (Ընթացքում ձեզ մոտ նշումներ արեք, որպեսզի դասարանում կարողանաք ներկայացնել ձեզ համար կարևոր տեղեկատվությունը)
. Պատրաստվե՛լ  քննարկման:
. Ովքեր նախորդ օրվա տնայինը կիսատ էին կատարել, կամ չէին կատարել, լրացնեն:

Ողջ ամսվա համար լրացուցիչ աշխատանք

Բանաստեղծություններ

Տերյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Թումանյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Չարենցյան ընթերցումներ, ձայնագրություններ

4.02.2019

Կատարել տանը և դասարանում

. Անգի՛ր սովորիր Հովհ. Թումանյանի հետևյալ բանաստեղծությունը.

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ՝ կրկնության համար

1.Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն:

ողորկ — 5տառ, 6հնչյուն:

2. Գրի՛ր տասը այնպիսի բառերորոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն:

ռադիո, եղբայր:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

4. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր (ը-ի ուղղագրությունը տես այստեղ)

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի, ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

5. Կետերի փոխարեն դ, տ, կամ  թ գրի՛ր (ուղղագրությունը տես այստեղ)

Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.ելանալ, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

6. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ուղղագրությունը տես այստեղ):

Ա.բնական, ա.բիոն, ա.բոդջ, ա.պամած, ա.պայման, զաքյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

7. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.

ագահ, ադամաթուզ, ադամ, ալոջ, ահ, աղերսանք, աղոթատուն, անամոթ, ընչացք, ընկղմել

8. Գտի՛ր տվրված բառերի հականիշները.

թախիծ, թանկ, ազատ, ամոթխած, անիծել, աշխատասեր, արդար, բարակ, բարեկամ, գագաթ, գեղանի

9. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ.
Բազուկ, զատիկ, փող,

Ողջ ամսվա համար լրացուցիչ աշխատանք

Բանաստեղծություններ

Տերյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Թումանյանական ընթերցումներ, ձայնագրություններ

Չարենցյան ընթերցումներ, ձայնագրություններ

 

 

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s