Դեկտեմբեր ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան

Թարգմանություն- այստեղ
կամ այստեղ


Տնային աշխատանք 19.12.2018

. Ընթերցի՛ր-ծանոթացի՛ր հայկական ծիսական ամանորին:Սովորիր պատմել:
. Ովքեր չեն կատարեն. (Սուրբ Ծննդյան օրվան նվիրված հարցազրույց ունեցիր որևէ բարեկամ-ծանթ մարդու հետ)։ 

Տնային աշխատանք 18.12.2018

.   Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով․

  1. Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր…
  2. Ամանորին իմ ընտանիքի ամենասպասված հյուրը
  3. Տարեմուտի խոհեր

 ․ Սուրբ Ծննդյան օրվան նվիրված հարցազրույց ունեցիր որևէ բարեկամ-ծանթ մարդու հետ։ 

Տնային աշխատանք 17.12.2018

. Կիսամյակային ամփոփման համար կարգի՛ բեր բլոգդ, կատարի՛ր և տեղադրի՛ր բոլոր կիսատ թողած կամ չկատարած աշխատանքները:

. Ընթերցի՛ր այս բոլոր բարեմաղթանքները և մեկը սովորի՛ր անգիր: Անհասկանալի բառերի բացատրությունները փորձիր գտնել համացանցից:

Արցախի բարեմաղթանք

«Թող էս տարե, լավ ինինք,

ողջ ինինք, առողջ ինինք,

սաղ ինինք, սլմաթ ինինք,

միշտ ինինք, հիշտ ինինք,

մարթ ինինք, վարթ ինինք»:

 

Էջմիածնի բարեմաղթանք

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Զզլարի բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:


Կիլիկիայի բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:

Տնային աշխատանք 14.12.2018

. Բլոգում գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած ստեղծագործության մասին:
. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի « Լուցկիներով աղջիկը» ստեղծագործությունը, բլոգում գրիր, թե ինչ հասկացար ստեղծագործությունից, ինչ զգացողություններ ունեցար:

Տնային աշխատանք 13.12.2018

. Կարդա՛ Մուշեղ Իշխանի հետևյալ բանաստեղծությունը և  մի հատվածը դարձրու՛ աշխարհաբար:
. Ինչի՞ մասին էր այն: Ի՞նչ զգացողություններ ունեցար կարդալուց: Խոհերդ գրիր բլոգում:
. Բլոգում գրիր նաև, թե ով է Կաղանդ պապան, ի՞նչ գիտես նրա մասին:

Տնային աշխատանք 12.12.2018

. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի  «Եղևնին» հեքիաթի շարունակությունը մինչ վերջ:

Հանձնարարված հատվածից՝

.  դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բլոգում գրիր դրանց բացատրություններն ու սովորի՛ր:
.  դու՛րս գրիր  մակդիրները, փոխաբերությունները:
. առանձնացրու՛ գոյականներ՝ գրելով դրանց հոմանիշներն ու հականիշները:
. Պատրաստվի՛ր քննարկման:

Տնային աշխատանք 11.12.2018

. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի  «Եղևնին» հեքիաթը սկզբից մինչև չորրորդ էջի ավարտը (ամառ-ձմեռ այսպես զուգված-զարդարված կմնամ այստեղ):

Հանձնարարված հատվածից՝
.  դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բլոգում գրիր դրանց բացատրություններն ու սովորի՛ր:
.  դու՛րս գրիր  մակդիրները, փոխաբերությունները:
. առանձնացրու՛ գոյականներ՝ գրելով դրանց հոմանիշներն ու հականիշները:

Հիշի՛ր՝

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օր.՝ գագաթ-կատար, հովիկ-զեփյուռ:

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օր.՝ երկար-կարճ, խոշոր-մանր:

Տնային աշխատանք 10.12.2018

. Կարդա՛ , դիտի՛ ր և սովորի՛ ր մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութերը:
. Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
 մարտ-
կետ-
խնդիր-
խորհուրդ-
քանոն-
ներշնչել-
դատարկ-
խնամի-
գլուխ-

. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Տնային աշխատանք 7.12.2018

. Ներկայացրու՛ ուրբաթ օրվա ընթերցածդ ստեղծագործությունը, դրա ասելիքը:
. Ընթերցի՛ր  Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։ Վերլուծի՛ր՝ ըստ հետևյալ հարցադրումների․

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ներկայացրու՛ գործողության տեղը, նկարագրությունը, գործողությունները:
  3. Դու՛րս գրիր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
  4. Ցույց տուր` որտե՞ղ իրականություն կա,  որտե՞ղ է երևակայությունը թելադրում:
  5. Արտահայտի՛ր քո վերաբերմունքը երեխաների և Ձմեռ պապի նկատմամբ։
  6. Պատրաստվիր քննարկման:

Տնային աշխատանք 6.12.2018

. Հետևյալ թեմաներից մեկով գրի՛ր ստեղծագործական աշխատանք.
. Արի՜, Նո՛ր տարի, բայց այնպե՛ս արի․․․
. Ամնորի իմ հեքիաթը
. Այնքա՜ն քնքուշ, այնքա՜ն զմայլող է ձմեռը…
. Մտորումներ Ամանորին ընդառաջ
 . 2018 թ.-ի իմ ձեռքբերումները:


Գրիր հնարավորինս պարզ, անմիջական, անկեղծ:

Տնային աշխատանք 5.12.2018

. Ընթերցի՛ր  Էդմոնդո դե Ամիչիս․ «Սիրտը» ստեղծագործության երեք փոքրիկ պատմվածքները։  Վերլուծիր՝  ըստ տրված հարցաշարի․

  1. Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
  2. Բնութագրիր ուսուցչին՝ հիմնավորելով պատասխանդ տեքստից բերած մեջբերումներով:
  3. Քո կարծիքով ուսուցչի խոսքը ի՞նչ ազդեցություն ունեցավ սովորողների վրա. առանձնացրու նրա խոսքերից ամենակարևորը՝ հիմնավորելով:

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

                                                                           Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտե-ցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Թարգմանությունը` Սոֆյա Առուշանյանի:

 

Տնային աշխատանք 4.12.2018

Սիրելի՛ սովորողներ, այսօրվանից սկսում ենք ուսումնասիրել լեզվի դասընթացի բառագիտություն բաժինը: Այս բաժինը ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառերը, բառակապակցությունները։ Այս ընթացքում մենք անդրադառնալու ենք բառերի կազմությանը, դրանց իմաստներին: Մեզ բարի ընթացք:

.   Գրքից  կատարի՛ ր 64, 65, 66 առաջադրանքները:

Տնային աշխատանք 3.12.2018

. Վերհիշի՛ր Ղ․ Աղայանի  «Խիզախը կամ աներկյուղը» ստեղծագործությունը: Պատրաստվի՛ր քննարկման:
. Բլոգում վերլուծի՛ր այս գործը՝ անդրադառնալով հետևյալին՝

. Հիմնավորի՛ր վերնագիրը:
. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
. Ներկայացրու՛ հերոսին:
. Դու ինչպե՞ս կբացատրես երկյուղը: Կարո՞ղ է մարդ երկյուղ չունենալ:
. Կարևո՞ր է երկյուղը մարդու համար:

 

Այս նյութը հրատարակվել է 6-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s