Դեկտեմբեր ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

Տնային աշխատանք 19.12.2018

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով․

  1. Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր…
  2. Ամանորին իմ ընտանիքի ամենասպասված հյուրը
  3. Տարեմուտի խոհեր

 ․ Սուրբ Ծննդյան օրվան նվիրված հարցազրույց ունեցիր որևէ բարեկամ-ծանթ մարդու հետ։ Տնային աշխատանք 18.12.2018

.  Կիսամյակային ամփոփման համար կարգի՛ բեր բլոգդ, կատարի՛ր և տեղադրի՛ր բոլոր կիսատ թողած կամ չկատարած աշխատանքները:
․ Կրկնի՛ր ձայնարկություն խոսքի մասը։ Կազմի՛ր նախադասություններ՝ օգտագործելով ձայնարկություն։ Նախադասությունները կետադրի՛ր։
. Ընթերցի՛ր այս բոլոր բարեմաղթանքները և մեկը սովորի՛ր անգիր: Անհասկանալի բառերի բացատրությունները փորձիր գտնել համացանցից:

Արցախի բարեմաղթանք

«Թող էս տարե, լավ ինինք,

ողջ ինինք, առողջ ինինք,

սաղ ինինք, սլմաթ ինինք,

միշտ ինինք, հիշտ ինինք,

մարթ ինինք, վարթ ինինք»:

 

Էջմիածնի բարեմաղթանք

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Զզլարի բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:


Կիլիկիայի բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:

Տնային աշխատանք 17.12.2018

. Կիսամյակային ամփոփման համար կարգի՛ բեր բլոգդ, կատարի՛ր և տեղադրի՛ր բոլոր կիսատ թողած կամ չկատարած աշխատանքները:

. Սովորի՛ր և կատարի՛ր առաջադրանքը.

ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբերմունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։

Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական, կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։ Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։ Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը, օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։ Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։ Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատվում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։ Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝ խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները նախադասության անդամ չեն համարվում։

  • Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Տնային աշխատանք 14.12.2018

. Ճամփորդությանը մասնակցած սովորողները գրում են տպավորությունների, զգացածի, ապրածի, սովորածի մասին հետաքրքիր պատումներ:
. Կարդա Պաուլո Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ» ստեղծագործությունը: Բլոգում պատմիր, թե ինչ իմացար, հասկացար, զգացիր:

Տնային աշխատանք 13.12.2018

. Ավարտի՛ ր դասարանում սկսված աշխատանքը:
. Կարդա՛, աշխարհաբար դարձրու Մուշեղ Իշխանի հետևյալ բանաստեղծությունը:
. Ինչի՞ մասին էր այն: Ի՞նչ զգացողություններ ունեցար կարդալուց: Խոհերդ գրիր բլոգում:
. Բլոգում գրիր, թե ով է Կաղանդ պապան, ի՞նչ գիտես նրա մասին:

Տնային աշխատանք 12.12.2018

. Ովքեր չեն կարդացել, անպայման կարդան Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։
. Բլոգում  գրիր և տեղադրի՛ր մտքերդ բամբասանք և երդում թեմաներով, հղումն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ աշխատանք

Հարցազրույցներ ամանորյա թեմաներով
Ամանորյա ստեղծագործությունների, ֆիլմերի վերլուծություն
Ամանորյա բանաստեղծությունների ընթերցում
Ստեղծագործական պատումներ ամանորյա թեմաներով

Տնային աշխատանք 11.12.2018

. Ընթերցիր-վերհիշիր  Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։  Պատրաստվիր քննարկման:

Կապերի կետադրությունը

  1. բացի, առանց, զատ կապերով կազմված կապական կապակցությունների կետադրությունը ազատ է: Եթե կապակցությունները  կազմված են մեկ անդամից, կարելի է չկետադրել.
    Օրինակ՝  Առանց քեզ որոշեցինք քո հետագա անելիքը:
    Բոլորն ընդունեցին իրենց մեղքը բացի Կարենից:
    Երբ  կապակցությունը ծավալուն է, նախադասության մյուս անդամներից նախընտրելի է ստորակետով կամ բութով անջատել.
    Օրինակ՝ Բացի մեր դպրոցից, (`) մյուս դպրոցները քիչ աշակերտներով էին ներակայցել:

2. Ըստ, ի, ի հեճուկս, համաձայն, հակառակ, հանդերձ, նայած, չնայած, փոխանակ և նման մի շարք այլ կապերով կապակցություններ կետադրվում են առաջադաս և վերջադաս դիրքում՝ բութով, իսկ միջադաս դիրքում՝ երկու կողմից ստորակետով:

3. Որպես, իբրև կապերով ձևավորված կապակցությունները կետադրվում են առաջադաս և վերջադաս դիրքերում բութով, իսկ միջադաս դիրքում՝ բութ-ստորակետով.
Օրինակ՝   Իբրև ճանաչցված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չունի:
Արմինեն՝ որպես ձեռագործի հմուտ գիտակ, մասնակցեց այդ ցուցահանդեսին:
Հերթով ներս էին մտել նրա բոլոր զինակիցները՝ որպես անդավաճան եղբայրներ:

. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ընդգծի՛ր կապերը:
 Դպրոցը գյուղի ծայրին էր՝ բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդար-ակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատին՝ գրատա-տակը: Պատուհանի ապակու տեղ խմորով փա-ցրել էին յուղած թու-թ: Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր՝ դեպի բլրակը բար-րանալիս,  ոտքս սայթա-եց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցս փշրվեց, և մինչև տարվա վեր-ը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թ-պած ժամանակ՝ երբ հո-նեինք:


Տնային աշխատանք 10.12.2018

. Ովքեր չէին կարդացել Գ. Զոհրապի«Այրին» նովելն ու  Օ ՛Հենրիի«Մոգերի ընծաները» պատմվածքը, անպայման կարդան:
. Կարդա՛, սովորի՛ր կապ խոսքի մասին վերաբերող նյութը, կատարի՛ր առաջադրանքը:

                                                                         ԿԱՊ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։  Օրինակ՝ խոսել դասիցկապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։ Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝ դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը) և այլն։ Որպես կապ հանդես եկող բառերը բաժանվում են 3 խմբի՝ իսկական, անիսկական և կապական բառեր։ Իսկական են միշտ որպես կապ հանդես եկող և չհոլովվող բառերը, օրինակ՝ մասին, բացի, դեպի։ Անիսկական են որպես կապ գործածվող, սակայն հոլովվող բառերը, օրինակ՝ վրա, մոտ, առջև, տակ, մեջ և այլն։ Կապական բառեր են համարվում այլ խոսքի մասերին պատկանող բառերը, որոնք կարող են գործածվել նաև կապական արժեքով, օրինակ՝ Նա աջ ձեռքով (գոյական) բռնել էր գրիչը։ Նա իր բոլոր նպատակներն իրագործում էր նրա ձեռքով (կապական բառ)։ Պատկերը գծով (գոյական)բաժանված է երկու մասի։ Այդ մասնագիտության գծով (կապական բառ) փորձառու մարդիկ են հարկավոր։

. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

  •  երբ, բացի, որովհետև, այնտեղ
  •  մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  • վրա, որևէ, և, մյուս
  • ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  •  հանուն, անուն, այնքան, սույն։

Տնային աշխատանք 7.12.2018

. Բլոգում ներկայացրու՛ ուրբաթ օրը ընթերցածդ գիրքը:
. վերընթերցի՛ր «Այրին» նովելն ամբողջությամբ:

. Ընթերցի՛ր Օ ՛Հենրի «Մոգերի ընծաները» պատմվածքը։ Հղումը բլոգումդ տեղադրի՛ր և կատարի՛ր առաջադրանքերը․

  • 5-7 նախադասությամբ ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Դու՛րս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
  • Ո՞վքեր էին մոգերը և ի՞նչ նվեր էին բերել մանուկ Հիսուսին։ Դիտելով տրված տեսաֆիլմը՝ հղումը տեղադրի՛ր բլոգում և պատասխանի՛ր հարցերին։

Տնային աշխատանք 6.12.2018

. Կարդա՛ Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելը մինչև վերջ:

. Վերաբերականները խմբավորի՛ր ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Տնային աշխատանք 5.12.2018

. Կարդա՛ Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելի Ա, Բ, Գ մասերը:

Տնային աշխատանք 4.12.2018

. Սովորի՛ր հետևյալը.
. Կազմի՛ր նախադասություններ՝ օգտագործելով վերաբերականներ:

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը. հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ, անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես, միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Բժիշկը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.)

Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում:

Վերաբերականներն ըստ կազմության լինում եմ պարզ,բարդ և ածանցավոր։

Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, գեթ, իբր, իսկ, թող, լոկ,  հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ , թերևս,  միգուցե, միթե , մինչև  մինչև իսկ, նույնիսկ և այլն։

Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

Բարդ վերաբերականներյ գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

1.Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

2.Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականները՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

Տնային աշխատանք 3.12.2018

Գրիգոր Զոհրապ․ նովելներ՝

.  Վերանայի՛ր Գրիգոր Զոհրապի երկու նովելները, պատրաստվի՛ր քննարկման:
. Բլոգում վերլուծի՛ր նովելներից մեկը՝ անդրադառնալով հետևյալին՝

• Ներկայացրու՛ գործողության տեղը, նկարագրությունը, գործողությունները:
• Հիմնավորի՛ր վերնագիրը, նրա թելադրանքր:
• Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
• Ներկայացրու՛ արտաքին և ներքին աշխարհները:
• Ներկայացրու՛ հերոսին:

 

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s