Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

Սիրելի՛  սովորող, «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում առաջարկում եմ հետևյալ առաջադրանքները: Բարի հանգիտ:

 

Տնային աշխատանք 25.10.2018

.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

«Չարն ու բարին»:
«Բարություն արա և ջուրը գցիր»:
«Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա»:
«Բարություն արեք, քանի դեռ դուք կա»:
«Իմ կարգախոսն է բարի լինելը»:

. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր և սովորիր նշված բառերի բացատրությունները: Սովորիր անգիր: 

Սիլվա Կապուտիկյան

Լավություն արա ու ջուրը նետիր

Լավություն արա ու ջուրը նետիր ,

Լավություն արա ու մի երկմտիր ,

Թաքուն մի հուսա հատուցում ու վարձ ,

Նետիր գետերը ու նետիր անդարձ ,

Գետը կտանի , կխառնի ծովին ,

Քո նետած լավը աշխարհի լավին ,

Որ ծովը մի քիչ ավել քաղցրանա ,

Որ ծովից լավի շոգին բարձրանա ,

Որ լավով լցվի ամպը երկնքում ,

Որ բարությունը ` հողին ու հոգուն ,

Անձրևի փոխված տեղա անխտիր :

Լավություն արա ու ջուրը նետիր …


Տնային աշխատանք

. Կազմի՛ր  գնալ, խաղալ, հնձել, պառկել, դիզել, թպրտալ, թախծել, գնահատել բայերի ենթակայական, հարակատար, համակատար դերբայները և մի քանիսը օգտագործի՛ր նախադասությունների մեջ:
. 10-12 նախադասությամբ  հորինի՛ր պատմություն, որտեղ կօգտագործես դերբայներ:
.Այս  նախագծով աշխատանքը ուժի մեջ է: 

Դասարանական աշխատանք

. Կարդա՛ Հարակատար դերբայի ևՀամակատար դերբայիմասին նյութը:

.  Երկրորդ տեքստից դուրս բերել հարակատար դերբայները:

Տնային աշխատանք 23.10.2018

. Սովորի՛ր  Անորոշ դերբայի և Ենթակայական դերբայի մասին նյութը:
. Հետևյալ նյութից առանձնացրու անորոշ դերբայները:
. Տրված առած-ասացվածքներից գտի՛ր ենթակայական դերբայները:

Փոս փորողը ինքն է փոսն ընկնում: 
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:
Ճիշտ խոսողի ձին պիտի թամքած լինի:
Երկար լեզու ունեցողը կարճ մտքեր է ունենում։
Պատվով մեռնողը փառքով է ապրում:
Գելից վախեցողը ոչխար չի պահի:
Վազող ջուրը կեղտ չի բռնում:
Վարդը սիրողը փուշն էլ կսիրի:
Ասողին լսող է պետք:

Տնային աշխատանք 22.10.2018

. Կատարի՛ր նշված նախագծով աշխատանք:

Ստեղծագործական աշխատանք՝

. «Հե՜յ, ջան, Երևան»
. «Իմ սրտի մայրաքաղաք»
. «Երևա՛ն, իմ սեր»

Տնային աշխատանք 19.10.2018
. Գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած գրքի մասին: Ովքեր դասաժամին ներկա չէին, կարող են իրենց ցանկությամբ որևէ ստեղծագոծություն կարդալ և վերլուծել բլոգում:
. Անգի՛ր սովորիր Միսաք Մեծարենցի հետևյալ բանաստեծությունը: Բառարանից գտիր՝
առտու, տենդ, ուշացիր, խանդաղատանք, նվաղկոտ, անցավ, թովանք, սեգ, արծարծուն, ածու, հույլ բառերի բացատրությունները:
. Պատասխանիր հարցերին՝
    . Ինչի՞ մասին է այս քնարական բանաստեղծությունը:
. Կարմիր ծաղիկն ի՞նչ նշան է բանաստեղծության մեջ, ի՞նչ թանկ զգացումներ է  այն արթնացնում:
   . Ինչու՞ է բանաստեղծությունը վերնագրված  <<Երազ օրեր>>:
. Իմացիր, որ այս  ստեղծագործությունը Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ վերածվել է էստրադային երգի։ Կարող ես ունկնդրել՝ այստեղ:

 

Երազ օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

Տնային աշխատանք 18.10.2018

. Կարդա՛ առակները:  Քո ընտրությամբ երկուսի մասին կարծիք հայտնիր:
.Գրաբարյան տեքստերը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

 

Կարդա այսպես

 

Յաղթեցեր          – հաղթեցեր

Հաւանեաց         – հավանյաց

աչագեղոյ           – աչագեղո

զպատանիդ       – ըզպատանիդ

զկենդանութիւն – ըզկենդանություն

միոյ                      – միո

դիւցազանց         – դյուցազանց

յաւիտենական   – հավիտենական

 

Բառարան

 

յաղթեցեր         – հաղթեցիր

հաւանեաց       – հավանիր

անսա                – հավատա

բանից                – խոսքերի (ն)

աչագեղոյ դստերս ալանաց – իմ` ալանաց աչագեղո դստեր

զպատանիդ      – այդ պատանուն

զի                        – թե, որովհետև, քանի որ, քանզի

վասն                  – մասին, պատճառով, համար

միոյ քինու         – մի քենի

դիւցազանց        – դյուցազունների, դյուցազուններին

օրէն                    – օրենք, կարգ

զարմ                   – ցեղ, տոհմ, զավակ

զայլոց դիւցազանց զարմից – այլ դյուցազունների զարմից

բառնամ               – վերցնել, տանել

բառնալ զկենդանութիւն             – սպանել

ծառայեցուցանել                          – ծառայեցնել

ի ստրկաց կարգի                         – ստրուկների կարգում

թշնամութիւն յավիտենական    – հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց – երկու քաջ ազգերի մեջ

 

3.Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

 

Կարդա այսպես.

 

սեաւն          – սյավն

հանեալ       – հանյալ

ձգեալ          – ձգյալ

զարծուի     – արծվի

ցաւեցոյց    – ցավեցույց

զմեջք         – ըզմեջք

իւր              – յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու-ն ձայնավորից առաջ:

 

 

Բառարան

արի արքայն Արտաշէս – Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ            – գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ                                – հանելով, հանած, հանել(է)

ձգեալ                                    – գցել

զարծուի սրաթեւ                – սրաթև արծիվ

ընկեց                                    – գցեց

ի մէջք օրիորդին ալանաց – ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց  – ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով                     – հասցնելով

ի բանակն իւր                       – իր բանակը

Տնային աշխատանք  17.10.2018

. Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

Յերկրի           – հերկրի

հատանելոյ    – հատանելո

զբողբոջ          – ըզբողբոջ

իւր                   – յուր

զհոտս             – ըզհոտըս

իւրեանց         – յուրյանց

զբարբառ         – ըզբարբառ

 

Բառարան

 

Էանց                        – անցավ

անձրեւք                  – անձրևներ (ը)

անցին                      – անցան

գնացեալ                  – գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան                – մեկնեցին, հեռացան

ծաղիկք                     – ծաղիկներ (ը)

յերկրի մերում         – մեր երկրում

եհաս                         – հասավ

հատանելոյ              – էտելու

ձայն տատրակի     – տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր             – իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք – մեր ծաղկած որթերը

ետուն                         – տվեցին

զհոտս իւրեանց        – իրենց հոտերը` բույրերը

արի                             – վեր կաց

երեւեցո                      – երևեցրու, ցույց տուր

զերեսս քո                  – քո երեսը

զբարբառ քո              – քո խոսքը

տեսիլ քո                    – քո տեսքը

. Քո ընտրությամբ բլոգում առանձնացրո՛ւ տասը դարձվածքը և սովորի՛ր դրանց բացատրությունները: Սովորելուց հետո փորձիր բացատրել, թե, ըստ քեզ, ի՞նչ է դարձվածքը:

Տնային աշխատանք  16.10.2018

. Ընթերցի՛ր.

Մարիո Բենեդետի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք  չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ  է պետք  անել և հենց այդպես էլ անում են: Մարդիկ, որոնք «մշակում են»  են  իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները  տիրանում են իրենց իսկ իրականությանը:

 

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք  վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել  խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ, մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:

Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդարության զգացում ունեն. նրանց կոչում եմ ընկերներ:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտակցում են երջանկության կարևորությունը և քարոզում են դա: Մարդիկ, որոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքը: Մարդիկ, որոնք երբեք չեն դադարում մանուկ լինել:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք վարակում են իրենց էներգիայով: Ինձ դուր են գալիս պարզ ու անկեղծ մարդիկ՝ ունակ խելամիտ փաստերով հակադրվելու յուրաքանչյուրի որոշումներին:

Ինձ դուր են գալիս հավատարիմ  ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել  իրենց նպատակներին ու գաղափարներին:

Ինձ դուր են գալիս տեսակետ ունեցող մարդիկ, նրանք, որոնք չեն ամաչում գիտակցել, որ սխալվել են կամ որ ինչ-որ բան չգիտեն: Մարդիկ, որոնք  իրենց սխալներն ընդունելիս, ջանում են նորից չկրկնել դրանք: Մարդիկ, որոնք պայքարում են ձախորդությունների դեմ: Մարդիկ, որոնք  ելք են փնտրում:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ներքուստ են մտածում ու չափում, որոնք չեն արժևորում իրենց նմաններին հասարակական կաղապարով կամ թե ինչպես են նրանք փայլում: Մարդիկ, որոնք չեն դատվում ու թողնում, որ ուրիշները դատեն:

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք անհատականություն ունեն…

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են հասկանալու, որ մարդկային էության մեծագույն սխալը փորձելն է գլխից հանել այն, ինչը դուրս չի գալիս սրտից:

Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ  կոչվելու համար:

Այս տիպի մարդկանց հետ  խոստանում եմ լինել կյանքիս մնացած օրերին, քանի որ նրանց իմ կողքին ունենալով՝ լավ եմ վարձատրվում:

© Թարգմանությունը ` Մարինե Վարդանյանի

  • Ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ «Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են»:
  • Շարադրի՛ր քո մտքերը «Ինչպիսի՞ մարդիկ են ինձ դուր գալիս»  կամ  «Բաբախող մարդիկ» թեմաներից մեկով։ Ըստ քո շարադրանքի՝ փոքրիկ տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստի՛ր քո ընթերցմամբ։

Տնային աշխատանք  15.10.2018

. Ընթերցիր տրվածը և կատարիր հետևյալ վարժությունները՝

թեստ
թեստ 1
թեստ 2
թեստ 3
թեստ 4

. Բայ խոսքի մաս

Վերհիշիր՝

Բայի ժամանակի դեմքի և թվի կարգերը
Բայի ժամանակի կարգը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն թե երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա (խոսելու պահին կատարվող գործողություն), անցյալ (խոսելու պահից առաջ կատարված գործողություն), ապառնի (խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն)։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։

Ժամանակակից հայերենում բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։ Ինչպես տեսնում ենք, թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայերի կազմությունը

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ յուրահատուկ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։ Բայածանցներն են՝ սոսկածանցներ (ան, են, ն, չ –
հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել), պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –
հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –
կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել), կրավորական ածանց (վ – գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։

Տնային աշխատանք  10.10.2018

.  Հոկտեմբերի 12-ին, ժամը՝ 19:00, մասնակցիր հայերենի ֆլեշմոբին:

Հեքիաթասացը: Սակի

Շոգ կեսօր էր, հետևաբար գնացքի վագոնում էլ էր օդը հեղձուցիչ, իսկ մինչ հաջորդ կայարանը` Թեմպլեքոմը, դեռ մեկ ժամ կար: Վագոնը զբաղեցնում էին մի փոքրիկ աղջիկ, ավելի փոքրիկ աղջնակ և մի փոքրիկ տղա: Երեխաների մորաքույրը նստել էր վագոնի մի անկյունում, իսկ հակառակ կողմի մյուս տեղը զբաղեցրել էր մի անծանոթ ամուրի: Երեխաները վագոնն ամբողջությամբ իրանցով էին արել: Թե’ մորաքույրը և թե’ երեխաները խոսում էին նույն սահմանափակ և համառ ձևով` հիշեցնելով մի տնային ճանճի, ով փորձում էր ուշադրություն գրավել` հրաժարվելով տեղի տալ: Մորաքրոջ բոլոր նկատողությունները կարծես սկսվում էին «Չի կարելի»-ով, իսկ երեխաների բոլոր պատասխան հարցերը «ինչու՞» – ով: Ամուրին լռում էր: «Չի’ կարելի, Կիրիլլ, չի’ կարելի».-բացականչեց մորաքույրը, երբ փոքրիկ երեխան սկսեց փոշու ամպ բարձրացնել վագոնում` ամեն անգամ նստատեղի բարձերին հարվածելով:
– Արի’ պատուհանից դուրս նայենք, – ասաց մորաքույրը: Երեխան դժկամորեն շարժվեց դեպի պատուհանը:
– Ինչու՞ են ոչխարներին այդ դաշտից քշում, – հետաքրքրվեց տղան:
– Նրանց մի ուրիշ դաշտ են քշում, որտեղ ավելի շատ խոտ կա, – ուժասպառ ասաց մորաքույրը:
– Բայց այդ դաշտում էլ շատ խոտ կա, – հակաճառեց տղան, – խոտից բացի ուրիշ բան չկա էլ։ Մորաքու’յր, այդ դաշտում շա~տ-շա~տ խոտ կա:
– Գուցե մյուս դաշտի խոտն ավելի լավն է, – անտարբեր պատասխանեց մորաքույրը:
– Ինչու՞ է ավելի լավը, – հաջորդեց փոքրիկ տղայի արագ, անխուսափելի հարցը:
– Հապա նայի’ր այն կովերին, – բացականչեց մորաքույրը: Թեև տեսադաշտում գտնվող յուրաքանչյուր դաշտում կային կովեր և ցլեր, մորաքույրն այնպես բացականչեց,կարծես մի արտասովոր բան էր ցույց տալիս:
– Ինչո՞ւ է մյուս դաշտի խոտն ավելի լավը, – համառեց Կիրիլլը:
Ամուրու մռայլ դեմքը էլ ավելի խոժոռվեց: «Նա չոր, անսիրտ մարդ է», մտածեց մորաքույրը: Նա միանգամայն անընդունակ էր կողքի դաշտի խոտի մասին որևէ բան հորինել:
Փոքրիկ աղջիկը շեղեց բոլորի ուշադրությունը` սկսելով արտասանել «Մենդելեյի Ճանապարհին»: Իմանալով միայն առաջին տողը` նա ջանք չէր խնայում իր սահմանփակ գիտելիքները առավելագույնս ցուցադրել: Նա շարունակ կրկնում էր միևնույն տողը երազկոտ, բայց վճռական և շատ հնչեղ ձայնով,- և ամուրուն թվաց, որ աղջկա հետ ինչ-որ մեկը գրազ էր եկել, որ նա չէր կարողանա միևնույն տողը առանց դադարի երկու հազար անգամ կրկնել: Ով էլ լիներ գրազ եկողը, ամենայն հավանականությամբ տարվելու էր:
– Ե’կեք այս կողմ, մի պատմություն պատմեմ, – ասաց մորաքույրը, երբ ամուրին արդեն երկու անգամ նայել էր իրեն և մեկ անգամ էլ՝ գնացքի ձեռքի արգելակին: Երեխաները դժկամորեն գնացին մորաքրոջ մոտ: Ակնհայտորեն նրանք մորաքրոջ պատմություններ պատմելու ձիրքն այդքան էլ բարձր չէին գնահատում: Նա սկսեց կամաց, խորհրդավոր ձայնով մի անհեռանկար և անհուսալիորեն ձանձրալի պատմություն: Պատմությունը, որը պատմում էր մի փոքրիկ լավ աղջկա մասին, ով ընկերանում էր բոլորի հետ իր բարության շնորհիվ, և որին վերջում բազում ասպետներ, հիացած նրա բարոյական կերպարով, փրկում են կատաղի ցլից, անընդմեջ ընդհատվում էր ունկնդիրների նյարդայնացնող հարցերով:
– Նրան չէ՞ին փրկի, եթե լավը չլիներ, – հարցրեց փոքր աղջիկներից մեծը:
Ճիշտ այդ նույն հարցն էլ ամուրին էր ուզում տալ:
– Դե, այո’,- ընդունեց մորաքույրը ոչ համոզիչ ձայնով, – բայց չեմ կարծում՝ նրանք այդքան արագ կվազեին նրան օգնության, եթե այդքան շատ չսիրեին:
– Ավելի հիմար բան չէի լսել, – խորին համոզմունքով ասաց փոքր աղջիկներից մեծը:
– Այնքան հիմար պատմություն էր, որ մի քիչ հետո չէի էլ լսում, – ասաց Կիրիլը:
Ավելի փոքր աղջիկը մեկնաբանություններց զերծ մնաց, բայց վաղուց անցել էր քթի տակ իր սիրելի տողը կրկնելուն:
– Ինչպես տեսնում եմ` այդքան էլ լավ պատմություն պատմող չեք, – հանկարծ իր անկյունից խոսեց ամուրին:
Այս անակնկալ հարձակումից վիրավորված` մորաքույրը վրա տվեց.
– Շատ դժվար է պատմել պատմություններ, որ երեխաները թե’ գնահատեն, և թե’ հասկանան:
– Ես ձեզ հետ համամիտ չեմ, – ասաց ամուրին:
– Գուցե դուք պատմեք մի պատմություն, – հակադարձեց մորաքույրը:
– Մեզ մի պատմություն պատմեք, – պահանջեց փոքր աղջիկներից մեծը:
– Ժամանակին, – սկսեց ամուրին, – կար Բերթա անունով մի փոքրիկ աղջիկ, որը չափազանց լավն էր:
Երեխաների` ակնթարթորեն առաջացած հետաքրքրությունը սկսեց նույն արագությամբ էլ մարել. բոլոր պատմություններն էլ անտանելի նման էին թվում՝ անկախ պատմողից:
– Նա անում էր ամենն, ինչ իրեն ասում էին, սուտ երբեք չէր խոսում, իր հագուստը մաքուր էր պահում, ուտում էր կաթնային պուդինգներն այնպես, կարծես դրանք ջեմով թխվածքներ էին, հիանալի սովորում էր բոլոր դասերը և շատ քաղաքավարի էր:
– Իսկ նա գեղեցկադե՞մ էր, – հարցրեց փոքր աղջիկներից մեծը:
– Ձեզ չէր հասնի, – պատասխանեց ամուրին, – սակայն սարսափելի լավն էր:
Հանկարծ հետաքրքրության մի ալիք բարձրացավ. «սարսափելի» բառը «լավ» բառի հետ մի այնպիսի նոր համադրություն էր, որ ինքն իր գործն արեց: Այն կարծես ներկայացրեց մի ճշմարտություն, որը նախկինում գոյություն չէր ունցել մանկական կյանքի մասին մորաքրոջ պատմություններում:
– Նա այնքան լավն էր, – շարունակեց ամուրին, – որ մի շարք մեդալներով էր պարգևատրվել իր արժանիքների շնորհիվ, որոնք նա միշտ կրում էր զգեստին: Մեդալներից մեկը հեզության համար էր, երկրորդը` պարտաճանաչության և երրորդը` լավ վարքի: Դրանք մեծ մետաղյա մեդալներ էին, որոնք շխկշխկում էին, երբ նա քայլում էր: Այն քաղաքում, որտեղ նա էր ապրում, ոչ մի այլ երեխա երեք մեդալ չուներ․ այսպսիով բոլորը գիտեին, որ նա պետք է արտակարգ լավ երեխա լիներ:
– Սարսափելի լավը, – մեջբերեց Կիրիլը:
– Բոլորը խոսում էին, թե որքան լավն է նա, և երկրի արքայազնը, լսելով նրա մասին, ասաց, որ քանի որ նա այդքան լավն է, նրան կթույլատրվի շաբաթը մեկ անգամ զբոսնել իր պուրակում, որը քաղաքի հարևանությամբ էր: Այդ հիանալի պուրակ ոչ մի երեխայի երբևէ չէր թույլատրվել մտնել, և Բերթայի համար մեծ պատիվ էր այնտեղ գնալու թույլտվությունը:
– Պուրակում կայի՞ն ոչխարներ, – ճշտեց Կիրիլը:
– Ո’չ, – պատասխանեց ամուրին, – այնտեղ ոչխարներ չկային:
– Իսկ ինչու՞ չկային, – հաջորդեց անխուսափելի հարցը:
Մորաքույրը չկարողացավ զսպել ժպիտը, որը կարելի էր որակել նաև որպես քմծիծաղ:
– Պուրակում ոչխարներ չկային, – ասաց ամուրին, – քանի որ արքայազնի մայրը մեկ անգամ երազ էր տեսել, թե իր որդին սպանվելու էր կա’մ ոչխարի կողմից, կա’մ էլ գլխին ընկնող ժամացույցից: Այդ պատճառով էլ արքայազնը ո’չ ոչխար էր պահում իր պուրակում և ո’չ էլ ժամացույց իր պալատում:
Մորաքույրը հազիվ զսպեց հիացմունքի բացականչությունը:
– Իսկ արքայազնը ինչի՞ց սպանվեց. ոչխարի՞ց, թե՞ ժամացույցից, – հետաքրքրվեց Կիրիլը:
– Նա դեռ ողջ է, և դեռ պարզ չէ` երազը կիրականանա, թե՝ ոչ, – անտարբեր պատասխանեց ամուրին. – ինչևէ, պուրակում ոչխարներ չկային, փոխարենը կային այս ու այն կողմ վազվզող փոքրիկ խոզուկներ:
– Իսկ խոզուկներն ի՞նչ գույնի էին:
– Սև–սպիտակ մռութներով, սպիտակ՝ սև պուտերով, ամբողջովին սև, մոխրագույն՝ սպիտակ բծերով, մի քանիսն էլ ամբողջովին սպիտակ էին:
Հեքիաթասացը մի պահ դադար առավ, որպեսզի պուրակի հրաշալի պատկերը ներթափանցի երեխաների երևակայության մեջ, հետո շարունակեց:
– Բերթան իսկապես հիասթափվեց, երբ տեսավ, որ պուրակում ծաղիկներ չկան: Իհարկե կհիասթափվեր, չէ որ նա արցունքն աչքին խոսք էր տվել մորաքրոջը, որ ոչ մի ծաղիկ չէր քաղի բարի արքայազնի պուրակից և մտադրված էր խոստումը պահել․ այսպիսով պատկերացրե’ք նրա հիասթափության աստիճանը, երբ տեսավ, որ պուրակում ծաղիկներ չկան:
– Իսկ ինչո՞ւ ծաղիկներ չկային:
– Որովհետև խոզերը կերել էին բոլոր ծաղիկները, – անմիջապես ասաց ամուրին, – այգեպանները արքայազնին ասել էին, որ նա կա’մ խոզեր, կա’մ էլ ծաղիկներ պետք է պահի, ուստի նա որոշել էր ծաղիկների փոխարեն խոզեր պահել:
Երեխաների մեջ հավանության մի շշուկ անցավ արքայազնի խոհեմ որոշման վերաբերյալ. չէ որ մարդկանց մեծ մասը այլ որոշում կայացրած կլիներ:
– Պուրակում շատ այլ հիանալի բաներ կային` ոսկեգույն, կանաչ, կապույտ ձկնիկներով լճակներ, ծառեր, որոնց վրա կային գեղեցիկ թութակներ, որոնք խելացի բաներ էին ասում, երգեցիկ թռչուններ, որոնք երգում էին օրվա հայտնի մեղեդիները: Բերթան մեծ բավականություն էր ստանում պուրակում զբոսնելիս, երբ ինքն իրեն սկսեց մտմտալ. «Եթե ես այդքան առանձնահատուկ լավը չլինեի, ինձ թույլ չէին տա գալ և զբոսնել այս հիանալի պուրակում, վայելել այս ամենը»։ Իսկ նրա երեք մեդալները զնգացին քայլելու ընթացքում` ևս մեկ անգամ հիշեցնելով, թե որքան լավն էր նա: Հենց այդ ժամանակ մի այլանդակ գայլ սողոսկեց պուրակ` տեսնելու` կարո՞ղ է արդյոք ընթրիքի համար մի չաղլիկ, փոքրիկ խոզուկ բռնել:
– Ի՞նչ գույն էր գայլը, – արագ աճող հետաքրքրությամբ հարցրեցին երեխաները:
– Ամբողջովին ցեխագույն, սև լեզվով և խամրած մոխրագույն աչքերով, որոնք փայլում էին անասելի դաժանությամբ:
Բերթայի գոգնոցը այնքան սպիտակ էր և մաքուր, որ աչքի էր զարնում մեծ հեռավորությունից: Բերթան տեսավ գայլին, նաև տեսավ, որ նա գաղտագողի մոտենում էր իրեն և մտածեց` ինչ լավ կլիներ, որ իրեն երբևէ թույլ տրված չլինեև այդ պուրակ գալ: Նա ամբողջ ուժով վազեց, իսկ գայլը հետևեց նրան` հսկայական ցատկերով և ոստյուններով: Նա հազիվ հասավ մրտենու թփուտին և թաքնվեց ամենափարթամ թփի հետևում: Գայլը, սև լեզուն դուրս գցած և կատաղի, խամրած մոխրագույն աչքերը փայլեցնելով, ճյուղերը հոտոտելով մոտեցավ: Բերթան մահու չափ վախեցած էր և ինքն իրեն մտածեց . «Եթե ես այսքան արտակարգ լավը եղած չլինեի, հիմա քաղաքում ապահով կլինեի»: Ինչևէ, մրտենու բույրն այնքան ուժեղ էր, որ գայլը հոտոտելով չէր կարող գտնել Բերթայի թաքստոցը, իսկ թփերն էլ այնքան խիտ էին, որ գայլը, նույնիսկ շատ երկար փնտրելիս էլ, Բերթայի հետքն անգամ չէր տեսնի: Ուստի գայլը մտածեց, որ ավելի լավ է գնա և մի փոքրիկ խոզուկ բռնի աղջկա փոխարեն: Տեսնելով, որ գայլն իրեն այդքան մոտ էր սողոսկել և թփերն էր հոտոտում՝ Բերթան վախից այնքան ուժգին ցնցվեց, որ նրա հեզության մեդալը զնգալով կպավ լավ վարքի և ճշտապահության մեդալներին: Գայլը հեռանում էր, երբ լսեց զրնգացող մեդալների ձայնը և կանգ առավ` ականջները սրած: Մեդալները նորից զրնգացին մոտակայքում գտնվող թփից: Գայլը` հաղթանակած և դաժանությամբ փայլող աչքերով սլացավ դեպի թփուտը, դուրս քաշեց Բերթային և ագահաբար լափեց մինչև վերջին պատառը: Նրանից մնացին միայն կոշիկները, հագուստի կտորներ և նրա պատվո մեդալները:
– Փոքրիկ խոզուկներից որևէ մեկը սպանվե՞ց:
– Ո’չ, նրանք բոլորը փախան:
– Պատմությունը վատ սկսվեց, – ասաց փոքրիկ աղջիկներից փոքրը, – սակայն հիանալի ավարտ ունեցավ:
– Իմ երբևէ լսած ամենահիանալի պատմությունն էր, – վճռեց փոքր աղջիկներից մեծը:
– Սա իմ լսած միակ լավ պատմությունն է, – հաստատեց Կիրիլլը:
Այլախոհ կարծիք հնչեցրեց մորաքույրը.
– Ամենաանպատշաճ պատմությունն էր երեխաներին պատմելու համար: Դուք ջուրը լցրեցիք տարիների խիստ դաստիարակությունը:
– Ամեն դեպքում, – հավաքելով իր ունեցած չունեցածը ասաց ամուրին՝ պատրաստվելով դուրս գալ վագոնից, – ես կարողացա նրանց լուռ պահել տաը րոպե, ինչը դուք ի վիճակի չէիք անել:
«Խեղճ կին, – մտքում նկատեց տղամարդը` մինչ քայլում էր Թեմփլքոմ կայարանի կառամատույցով ներքև, –հաջորդ վեց կամ ավելի ամիսների ընթացքում այդ երեխաները հարձակվելու են նրա վրա մարդկանց ներկայությամբ` պահանջելով անպարկեշտ պատմություն»:

Թարգմանությունը`       Ուրսուլա Շիքսի

Աղբյուրը ՝ Գրանիշ

Առաջադրանք

  1. Համառոտ՝ 10-15 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:
  2. Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:
  3. Ո՞րն է հեղինակի ասելիքը:
  4. Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:

Притча о работе: Желание

Однажды к Учителю пришел человек и попросил научить его добиваться в жизни успеха. Мудрец заставил его залезть в бочку с водой и окунуться с головой. Затем он изо всех сил удерживал его голову так, что тот не мог подняться. Наконец с огромным усилием он встал, преодолев сопротивление, и вздохнул. ‘Что ты хотел, когда преодолевал моё сопротивление?’ — спросил мудрец. ‘Дышать’ — ответил ученик. — А что еще? — Больше ничего. — Вот это и есть сила единого желания. Сможешь так хотеть успеха, сможешь его достичь.

. Կարդա նաև հետևյալ առակը և ներկայացրու դրա իմաստը: Նմա՞ն են երկու առակները միամյանց: Ինչո՞վ:

Մի անգամ փողոցով անցնելիս է լինում մի իմաստուն մարդ։ Նա նայում է շուրջբոլորն ու զմայլվում բնության ու գարնանային զարթոնքի հրաշագեղությամբ։ Հանկարծ տեսնում է մի մարդու, ով ուսերին կրում էր հսկայական բեռ։ Երևում էր, թե ինչպես էին ոտքերը ծանրությունից ծալվում։

Ծերունին հարցնում է․

– Ինչո՞ւ ես ինքնդ քեզ տանջանքների ենթարկում։

-Ես տանջվում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն,- պատասխանում է նա։

– Իմ նախապապը դատապարտել է ինքն իրեն ծանր աշխատանքի հանուն իմ պապի, պապս՝ իմ հոր, իսկ հայրս՝ հանուն ինձ։ Իսկ ես պայքարելու եմ հանուն իմ երեխաների երջանկության։

– Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվում է ծերունին։

– Դեռ ոչ, բայց երեխաներս ու թոռներս հավանաբար կլինեն,-ձայնի երազկոտ հնչերանգով պատասխանում է նա։

– Դժբախտաբար, տգետը կարդալ սովորեցնել չի կարող, իսկ խլուրդը չի կարողանա դաստիարակել արծվին,- հառաչեց իմաստուն ծերունին։ Նախ պետք է ինքդ սովորես լինել երջանիկ, ապա՝ սովորեցնես։ Դա կլինի քո ամենաարժեքավոր նվերը։

 

Տնային աշխատանք 09.10.2018

Գրքից կարդա՛ մեկ կամ մի քանի առակ, վերլուծի՛ր քո բլոգում: Ամեն սովորող ինձ պետք է ներկայացնի երեք առակի վերլուծություն: Շարունակությունը կատարե՛լ տանը:

Տնային աշխատանք 08.10.2018

Տնային աշխատանք 05.10.2018

.  Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին: Փորձիր ներկայացնել զգացողություններդ, ի՞նչ հաղորդեց գիրքը քեզ, ո՞րն էր ստեղծագործության ասելիքը:
. Լրացրու՛ շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքները:

Տնային աշխատանք 04.10.2018

.  Մուշեղ Գալշոյանի «Ծիրանի ծառ» ժողովածուից քո նախընտրությամբ ընտրի՛ր Կոմիտասին նվիրված պատմվածքներից որևէ մեկը,  ընթերցի՛ր, բլոգումդ կիսվի՛ր տպավորություններով, առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածները, հիմնավորի՛ր ընտրությունդ։
. Պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ՝ Կոմիտաս․կյանքը լուսանկարներում վերնագրով (լուսանկարների միջոցով ներկայացնում ես Կոմիտասի կյանքը, գործունեությունը)։

Տնային աշխատանք 03.10.2018
. Վերհիշի՛ր դերանուն խոսքի մասը:
. Կատարի՛ր առաջադրանքները:

. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
Վահան Տերյան

.  Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը:
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհան-
գիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուր-
ները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նո-
րից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի
հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայա-
կան կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ
ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալա-
տականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երի-
տասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից
բերան անցնելով, դառնում է ձմերուկ։28
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

.  Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վահան Տերյան
. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։

Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

.  Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

Վարժություն 9։ Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Տնային աշխատանք 02.10.2018

. Տնային աշխատանքը մնում է նույնը: Ովքեր ներկայացրին, պատրաստեք նաև մեկ այլ «ղողանջ», իսկ ովքեր չեն ներկայացրել, ներկայացնում են երկու «ղողանջ»:
. Ընտրի՛ր Ջանի Ռոդարիի պատմվածքներից, որը ցանկանաս, ընթերցի՛ր, փորձի՛ր ռադիոնյութ պատրաստել գեղեցիկ ընթերցմամբ կամ վերլուծել բլոգումդ՝ տեղադրելով հղումը։

Տնային աշխատանք 01.10.2018

. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից առանձնացրու՛ մի որևէ  «ղողանջ», ներկայացրու՛, թե ինչի մասի էր: Այդ հատվածից գտիր անծանոթ բառերը, բացատրիր, գտի՛ր մակդիր-փոխաբերություն-համեմատությունները: Մի որևէ հատված սովորի՛ր անգիր:

Այս նյութը հրատարակվել է 8-րդ դասարան-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s