Առաջադրանքներ սփյուռքահայ սովորողների համար

Տնային աշխատանք 17.12.2018

. Կիսամյակային ամփոփման համար կարգի՛ բեր բլոգդ, կատարի՛ր և տեղադրի՛ր բոլոր կիսատ թողած կամ չկատարած աշխատանքները:

. Ընթերցի՛ր այս բոլոր բարեմաղթանքները և մեկը սովորի՛ր անգիր: Անահսականալի բառերի բացատրությունները փորձիր գտնել համացանցից:

Արցախի բարեմաղթանք

«Թող էս տարե, լավ ինինք,

ողջ ինինք, առողջ ինինք,

սաղ ինինք, սլմաթ ինինք,

միշտ ինինք, հիշտ ինինք,

մարթ ինինք, վարթ ինինք»:

 

Էջմիածնի բարեմաղթանք

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Զզլարի բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:


Կիլիկիայի բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:


Տնային աշխատանք 14.12.2018

. Բլոգում գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած ստեղծագործության մասին:
. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի « Լուցկիներով աղջիկը» ստեղծագործությունը, բլոգում գրիր, թե ինչ հասկացար ստեղծագործությունից, ինչ զգացողություններ ունեցար:

Տնային աշխատանք 13.12.2018

. Կարդա՛ Մուշեղ Իշխանի հետևյալ բանաստեղծությունը և  մի հատվածը դարձրու՛ աշխարհաբար:
. Ինչի՞ մասին էր այն: Ի՞նչ զգացողություններ ունեցար կարդալուց: Խոհերդ գրիր բլոգում:
. Բլոգում գրիր նաև, թե ով է Կաղանդ պապան, ի՞նչ գիտես նրա մասին:

Տնային աշխատանք 12.12.2018

. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի  «Եղևնին» հեքիաթի շարունակությունը մինչ վերջ:

Հանձնարարված հատվածից՝

.  դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բլոգում գրիր դրանց բացատրություններն ու սովորի՛ր:
.  դու՛րս գրիր  մակդիրները, փոխաբերությունները:
. առանձնացրու՛ գոյականներ՝ գրելով դրանց հոմանիշներն ու հականիշները:
. Պատրաստվի՛ր քննարկման:

Տնային աշխատանք 11.12.2018

. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի  «Եղևնին» հեքիաթը սկզբից մինչև չորրորդ էջի ավարտը (ամառ-ձմեռ այսպես զուգված-զարդարված կմնամ այստեղ):

Հանձնարարված հատվածից՝
.  դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բլոգում գրիր դրանց բացատրություններն ու սովորի՛ր:
.  դու՛րս գրիր  մակդիրները, փոխաբերությունները:
. առանձնացրու՛ գոյականներ՝ գրելով դրանց հոմանիշներն ու հականիշները:

Հիշի՛ր՝

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օր.՝ գագաթ-կատար, հովիկ-զեփյուռ:

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օր.՝ երկար-կարճ, խոշոր-մանր:

Տնային աշխատանք 10.12.2018

. Կարդա՛ , դիտի՛ ր և սովորի՛ ր մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութերը:
. Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
 մարտ-
կետ-
խնդիր-
խորհուրդ-
քանոն-
ներշնչել-
դատարկ-
խնամի-
գլուխ-

. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Տնային աշխատանք 6.12.2018

. Հետևյալ թեմաներից մեկով գրի՛ր ստեղծագործական աշխատանք.
. Արի՜, Նո՛ր տարի, բայց այնպե՛ս արի․․․
. Ամնորի իմ հեքիաթը
. Այնքա՜ն քնքուշ, այնքա՜ն զմայլող է ձմեռը…
. Մտորումներ Ամանորին ընդառաջ
          . 2018 թ.-ի իմ ձեռքբերումները:


Գրիր հնարավորինս պարզ, անմիջական, անկեղծ:

Տնային աշխատանք 5.12.2018

. Ընթերցի՛ր  Էդմոնդո դե Ամիչիս․ «Սիրտը» ստեղծագործության երեք փոքրիկ պատմվածքները։ 

.Սովորի՛ր այլ գույնով նշված բառերի գրությունները:

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:

 

                                                                           Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.


— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտե-ցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

                                                 Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Թարգմանությունը` Սոֆյա Առուշանյանի:

 

Տնային աշխատանք 4.12.2018

Սիրելի՛ սովորողներ, այսօրվանից սկսում ենք ուսումնասիրել լեզվի դասընթացի բառագիտություն բաժինը: Այս բաժինը ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառերը, բառակապակցությունները։ Այս ընթացքում մենք անդրադառնալու ենք բառերի կազմությանը, դրանց իմաստներին: Մեզ բարի ընթացք:

.   Գրքից  կատարի՛ ր 64, 65, 66 առաջադրանքները:

Տնային աշխատանք 1.12.2018

. Վերհիշի՛ր Ղ․ Աղայանի  «Խիզախը կամ աներկյուղը» ստեղծագործությունը: Pատրաստվի՛ր քննարկման:
. Բլոգում վերլուծի՛ր այս գործը՝ անդրադառնալով հետևյալին՝

. Հիմնավորի՛ր վերնագիրը, նրա թելադրանքր:
. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
. Ներկայացրու՛ հերոսին:
. Դու ինչպե՞ս կբացատրես երկյուղը: Կարո՞ղ է մարդ երկյուղ չունենալ:
. Կարևո՞ր է երկյուղը մարդու համար:

Տնային աշխատանք 30.11.2018

. Բլոգում գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած գրքի մասին:
. հանգստյան օրերի ընթերցանության նյութ՝

Ղ․ Աղայան՝  «Խիզախը կամ աներկյուղը» :

Տնային աշխատանք 29.11.2018

. Գտի՛րսխալգրությամբբառերըևուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:

Բ. Դեղձ, դադձ, դեդձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

.Գտի՛րսխալգրությամբբառերրևուղղի՛ր:

Ա.Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խորոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
Բ.ճեդքել կմաղք աղքատ կողպեք, վղտալ,եղբայր,սանդուղք:

. Որտեղ անհրաժեշտ է ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նղհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

. Կետերի փոխարեն  դ, կամ թ գրի՛ր:

Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.ել, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված  արմատնե-րով:

Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,

…ակալ, …նաշար,

…ուբարք, …աբեկել,

…տադրուժ, …ատեր,

վարքու…, …ություն,

…իմացություն, ձյունա…,

համ…, …ավոր:

Տնային աշխատանք 28.11.2018

. Կարդա՛ ստեղծագործությունը: Պատրաստվի՛ր կլոր սեղան-քննարկման:
. Բլոգում կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝ 

    . Բնութագրի՛ր Մարտինոին:

    . Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:

    .Մեկնաբանի՛ր այս միտքը՝   ՙՙՊատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց,  ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը՚՚:

                                          Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Գյուղից դուրս գալիս ճանապարհըբաժանվում էր երեք մասի. Առաջինըտանում էր դեպի ծով, երկրորդը՝քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէրտանում: Մարտինոն գիտեր դրամասին, որովհետև բոլորին հարցրելէր, և բոլորն էլ նույն պատասխաննէին տվել:

-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չիտանում: Դրանով քայլելն անիմաստէ:

-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:

-Ոչ մի տեղ էլ չես հասնում:

-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:

-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:

-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…

-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:

Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէրնեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:

   Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքըբռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերնուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրափոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանականձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել: Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը ճանապարհի վերևում իանում էին. կարծեսմութ ու խոնավ թունել լինել, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին ևասես լապտերի լույսով լուսավորում ուղին:

Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզրէր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ էվերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:

,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:

Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:

-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:

Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհըվերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:

Մարտինոն նայեց ցանկապատի արանքից  և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներնու պատուհանները  լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկպատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբկանչում.

-Արի, արի, Համառ Մարտինո:

-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ուտես, ինձ ճանաչում է:

Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեցգեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլորտեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր ևծիծաղելով հարցրեց.

-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:

-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:

-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:

-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:

-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամամրոցը:

Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կայինադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.

-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդտանել:

Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահումէր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:

Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան:  Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկուանգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներբաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին:  Նա ստիպված էր մի հարյուր անգամպտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էրվազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:

Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտմացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որայդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերըտանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:

Տնային աշխատանք 27.11.2018

. Անգիր սովորի՛ր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը՝ ընտրությամբ։
. Ընտրածդ բանաստեղծությունից դու՛րս գրիր անհասկանալի բառերը,
գրի՛ր բացատրություններն ու սովորի՛ր դրանք:
. Մի քանի բանաստեղծությունից դու՛րս գրիր մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ:

Տնային աշխատանք 26.11.2018

. Պատրաստվի՛ր ստուգողական թեստին: Վերհիշի՛ր նոյեմբեր ամսվա ընթացքում անցած բոլոր ստեղծագործություններն ու առաջադրանքները: Ուշադի՛ր եղեք, որ դասին բոլորի համակարգիչները լիցքավորված լինեն և նախապես միացված:

. Վերանայի՛ր բլոգդ և լրացրու՛ կիսատ կամ չկատարված աշխատանքները: Շաբաթվա ընթացքում բլոգները գնահատվեու են:

Տնային աշխատանք 23.11.2018

. Կարգի՛ բեր բլոգդ, լրացրո՛ւ չկատարված առաջադրանքները:

. Կարդա՛ Մխիթար Գոշի առակներից մի քանիսը՝ քո ընտրությամբ:
. Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած առակը, բլոգում գրի՛ր, թե ինչի՞ մասին էր այն, ի՞նչ խրատ ուներ այդ առակը:
. Առակներից մեկը ընտրիր, որպեսզի ներկայացնես դասարանում: Թե ինչ ձևով այն կներկայացնես (կարող եք աշխատել խմբով, բեմականացնել կամ միասին ընթերցել…) որոշում ես դու:

Տնային աշխատանք 22.11.2018

. Տանից ձեզ հետ բերում եք գիրք՝ ընթերցողական նախագծի համար:
. Կատարեք աշխատանք՝ հետևյալ նախագծերից մեկով.

  • առաջարկում եմ կարդալ
  • ֆիլմի վերլուծություն
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Տնային աշխատանք 20.11.2018

. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը (գրքից՝ 58, 59 վարժությունները)

. Ընթերցի՛ր Մարիո Բենեդետիի «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»պատմվածքը, հղումը տեղադրի՛ր բլոգումդ, վերլուծի՛ր՝ օգտվելով հարցերից։:

  • Ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ «Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են»:
  • Ընկերներիդ հետ քննարկում կազմակերպիր թեմայի շուրջ, փորձիր ձայնագրել ձեր զրույցը և պատմվածքի առանձին հատվածների ընթերցմամբ տեղադրել բլոգումդ։

 

Տնային աշխատանք 16.11.2018

. Ինքնուրույն ուղղի՛ր դասարանում գրված բառերի սխալները և սովորի՛ր ճիշտ գրությունները։
․ Կարդա՛ Ավետիք Իսահակյանի տրված ստեղծագործությունը, կատարի՛ր հետևյալ առաջադրանքները․
   ․Դու՛րս գրիր անծանոթ բառերը, գրի՛ր բացատրությունները և սովորի՛ր։
   ․Զրույցի առանձին հատվածներ վերնագրր՛ր։
   ․Բնութագրի՛ր Ուշինարային։
   ․ Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ խտացված է զրույցի հիմնական ասելիքը։ 
   ․ Ա՛յլ կերպ վերնագրիր զրույցը։

                                                   Ուշինարա

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Տնային աշխատանք 15.11.2018

. Այս ուրբաթ ընթերցումներ չենք ունենա:
. կատարիր թարգմանություն՝ pritchi.ru  կայքից: Անգլերեն լեզվով թարգմանելու համար օգտվեք այս կայքից:

Տնային աշխատանք 13.11.2018

.Կարդա՛ Գուրգեն Մահարու տրված բալլադը:
. Բացատրի՛ր գզրոց, լաթ, սրմա, պչրուհի, սլվլուն, դարչին, թավ, որթատունկ բառերը:
. Համացանցից որոնի՛ր և գտի՛ր, թե ինչ է բալլադը:
. Բլոգում ներկայացրու՛, թե ինչի՞ մասին է բալլադը:
. Նկարագրի՛ր Չալոյին, նրա հանդեպ բալլադի հերոսի ջերմ սերը: Իսկ դու՞ ինչ վերաբերմունք ունես տնային կենդանիների հանդեպ:
. Ո՞վ փոխարինեց Չալոյին:

ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
1
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՛ռ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրմա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ, հաճույքից:

Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն
Ու ծածկում սար ու դաշտեր:

2
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՚ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո,
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,–
Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամբին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց…
Շուրջը մեռնում էր վերջին աշունը,
Չմնաց ինձ ո՛չ մի ընկեր…

3
Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխուժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի, .
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն էր հասնում:

Նստեցինք մենք թավ որթատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե՛ր իմ, սե՛ր իմ…– ինձ հառել էին
Բիբերը նրա մլարուն.–
Չալո՛ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:

Անհուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել, կորած ընկերըս,
Քեզ չեմ մոռացել, իմ շո՛ւն…
……………………………………
Օրերի հեռվում նրա հաջոցը
Հնչում է կարծես լալով…

Չալոն իմ շունն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո…

Տնային աշխատանք 12.11.2018

. Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Երգի հրապույրը» և կատարիր առաջադրանքները:
. Գրքից  ավարտիր 66 և 67 առաջադրանքները: Դասարանում ստուգելու ենք:

Տնային աշխատանք 07.11.2018

.  Վան Կարնոյի ստեղծագործություննեը-ից մեկը քո ընտրությամբ սովորիր անգիր:
 Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ «Ես սեբաստացի եմ» կամ  «Ես ինչով եմ սեբաստացի» թեմաներով:

Մանեն և Մոնիկան թող կատարեն այս առաջադրանքը

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում:        Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

2.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

3. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

4.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

 

Արկադի, Աբել, Դարեհ- Տնային աշխատանք 06.11.2018

. Կարդա-ուսումնասիրիր ժամանակակից գրող Վան Կարնոյի ստեղծագործություննեը: Բլոգում գրի՛ր կարծիք նրա ստեղծագործության մասին, թե ո՞րը քեզ առավել դուր եկավ, ի՞նչ ասելիք ուներ, ո՞րը դուր չեկավ, ինչո՞ւ:Փորձիր մի քանի բանաստեղծություն վերլուծել:

. Գրքից կատարի՛ր 49 և 50 առաջադրանքները:

Տնային աշխատանք 05.11.2018

. Ովքեր չէին կատարել «Ուսումնական աշուն» նախագծով հանձնարարությունը, անպայման կատարեն և տեղադրեն բլոգում:
.  Թարգմանի՛ր այս առակները: Վերջում ընթերցողի աչքով կարդա՛ թարգմանությունդ: Մտածի՛ր ասելիքի մասին:
Առաջին առակ
Երկրորդ առակ
Երրորդ առակ
Առակ չորրորդ

Տղաներ, եթե դժվարանաք, կարող եք անել այս էջից թարգմանություն:

Սիրելի՛  սովորող, «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում առաջարկում եմ հետևյալ առաջադրանքները: Բարի հանգիտ:

Տնային աշխատանք 25.10.2018

. Գրադարանում ընթերցելու համար փորձիր տանից գտնել մի հետաքրքիր գիրք և բերել քեզ հետ:
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ հետևյալ թեմաներից մեկով.

«Չարն ու բարին»:
«Բարություն արա և ջուրը գցիր»:
«Որքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա»:
«Բարություն արեք, քանի դեռ դուք կա»:
«Իմ կարգախոսն է բարի լինելը»:

. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր և սովորիր նշված բառերի բացատրությունները: Սովորիր անգիր: 

Սիլվա Կապուտիկյան

Լավություն արա ու ջուրը նետիր

Լավություն արա ու ջուրը նետիր ,

Լավություն արա ու մի երկմտիր ,

Թաքուն մի հուսա հատուցում ու վարձ ,

Նետիր գետերը ու նետիր անդարձ ,

Գետը կտանի , կխառնի ծովին ,

Քո նետած լավը աշխարհի լավին ,

Որ ծովը մի քիչ ավել քաղցրանա ,

Որ ծովից լավի շոգին բարձրանա ,

Որ լավով լցվի ամպը երկնքում ,

Որ բարությունը ` հողին ու հոգուն ,

Անձրևի փոխված տեղա անխտիր :

Լավություն արա ու ջուրը նետիր …

Տնային աշխատանք 24.10.2018

. Տրված նախագծովաշխատանքը ուժի մեջ է:
. Թարգմանի՛ր հայերեն՝  The Plane Tree:

Դասարանական աշխատանք

Աշո՛ւնէքամի

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,Քամին ամեհի
Ճամփում ամայի…

  1. Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:
  2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
  3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
  4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել աշնան մասին: /Տեղադրե՛ք բլոգում/:

Տնային աշխատանք 23.10.2018

. Կատարի՛ր հետևյալ նախագծովաշխատանք:

Լրացուցիչ աշխատանք

. ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
. կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
. հարցազրույցներ
. թարգմանություն
. լրագրողական նյութի վերլուծություն
. ֆիլմի դիտում, վերլուծում
. ստեղծագործական աշխատանք
. ստեղծագործության ընթերցում, վերլուծություն

Տնային աշխատանք 22.10.2018

. Վերանայի՛ր բլոգդ, լրացրո՛ւ չկատարած առաջադրանքները:
. Իմ բլոգում բացի՛ր «հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ» բաժինը, վերանայի՛ր, կրկնի՛ր անցածը՝ պատրաստվելով գիտելիքի ստուգման թեստին:

Տնային աշխատանք 19.10.2018

. Գրի՛ր ընթերցողական նախագծի շրջանակում կարդացած գրքի մասին:
.  Կարդա՛ Սամվել Մարտիրոսյանի «Պոչը» հեքիաթը: Մտածի՛ր ասելիքի մասին: Պատրաստվիր քննարկման:

Տղաներ ջան, եթե կդժվարանաք, էլեկտրոնային փոստով  գրեք ինձ, ես ձեզ այլ առաջադրանք առաջարկեմ:

 

Տնային աշխատանք 18.10.2018

. Կարդա՛ առակները:  Քո ընտրությամբ երկուսի մասին կարծիք հայտնիր:
.  Սովորիր ևս հինգ դարձվածք:

Տնային աշխատանք 17.10.2018

. Ավարտի՛ր քո «Թոփ 10»-ը:
. Ովքեր անգիրը չպատասխանեցին, վաղն անպայման պատասխանելու են:
.  Վերանայի՛ր կատարածդ առաջադրանքները (Գրքիցկատարի՛ր 33, 34, 35 առաջադրանքները):
. Քո ընտրությամբ բլոգում առանձնացրո՛ւ տասը դարձվածքը և սովորի՛ր դրանց բացատրությունները: Սովորելուց հետո փորձիր բացատրել, թե, ըստ քեզ, ի՞նչ է դարձվածքը:


Տնային աշխատանք 16.10.2018

 Գրքիցկատարի՛ր 33, 34, 35 առաջադրանքները:
. Անգիր սովոի՛ր Եղ․ Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը։ Բանաստեղծությունից դու՛րս գրիր մակդիրներն ու համեմատությունները:

Տնային աշխատանք 15.10.2018

. Գրի՛ ր ստեղծագործական աշխատանք՝ «Ամենապիտանի բանը» թեմայով, որտեղ ներկայացրու, թե քեզ համար ինչն է կյանքում ամենապիտանին:
 Գրքից  կատարիր 29 և 31 առաջադրանքները: Սովորիր առաջադրանքներում առկա բառերի գրությունները:

Տնային աշխատանք 10.10.2018

. Կարդա՛ Ավետիք Իսահակյանի «Ամենապիտանի բանը» ստեղծագործությունը: Բացատրի՛ր անհասկանալի բառերը և պատրաստվի՛ր կլոր սեղան-քննարկման:

 Կարդա նաև հետևյալ առակը և ներկայացրու դրա իմաստը: 

Մի անգամ փողոցով անցնելիս է լինում մի իմաստուն մարդ։ Նա նայում է շուրջբոլորն ու զմայլվում բնության ու գարնանային զարթոնքի հրաշագեղությամբ։ Հանկարծ տեսնում է մի մարդու, ով ուսերին կրում էր հսկայական բեռ։ Երևում էր, թե ինչպես էին ոտքերը ծանրությունից ծալվում։

Ծերունին հարցնում է․

– Ինչո՞ւ ես ինքնդ քեզ տանջանքների ենթարկում։

-Ես տանջվում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն,- պատասխանում է նա։

– Իմ նախապապը դատապարտել է ինքն իրեն ծանր աշխատանքի հանուն իմ պապի, պապս՝ իմ հոր, իսկ հայրս՝ հանուն ինձ։ Իսկ ես պայքարելու եմ հանուն իմ երեխաների երջանկության։

– Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվում է ծերունին։

– Դեռ ոչ, բայց երեխաներս ու թոռներս հավանաբար կլինեն,-ձայնի երազկոտ հնչերանգով պատասխանում է նա։

– Դժբախտաբար, տգետը կարդալ սովորեցնել չի կարող, իսկ խլուրդը չի կարողանա դաստիարակել արծվին,- հառաչեց իմաստուն ծերունին։ Նախ պետք է ինքդ սովորես լինել երջանիկ, ապա՝ սովորեցնես։ Դա կլինի քո ամենաարժեքավոր նվերը։

 

Տնային աշխատանք 09.10.2018

. Ավարտիր դասարանում գրած ստեղծագործական աշխատանքը:
. Կարդա՛ առակը, սովորի՛ր պատմել

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:


Տնային աշխատանք 08.10.2018

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում:        Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

2.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

3. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

4.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

Տնային աշխատանք 05.10.2018

.  Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին: Փորձիր ներկայացնել զգացողություններդ, ի՞նչ հաղորդեց գիրքը քեզ, ո՞րն էր ստեղծագործության ասելիքը:
Տնային աշխատանք

04.10.2018

. Անգի՛ր սովորիր հետևյալ բառերի գրությունները՝

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, կյանք :

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:

. Քո ընտրությամբ կարդա՛ առակներից երկուսը և սովորի՛ր պատմել: 

Տնային աշխատանք 03.10.2018

Գրքից  կատարի՛ր 39, 40, 46, 48-րդ առաջադրանքները:

Տնային աշխատանք 02.10.2018

. Կարդա Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» ստեղծագործությունը:
. Նույն վերնագրով ստեղծագործիր և դու:
. Դուրս գրիր անծանոթ բառերը և դրանց բացատրությունները սովորիր:

Լրացուցիչ աշխատանք

. ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
. կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
. հարցազրույցներ
. թարգմանություն
. լրագրողական նյութի վերլուծություն
. ֆիլմի դիտում, վերլուծում
. ստեղծագործական աշխատանք
. ստեղծագործության ընթերցում, վերլուծություն
. ամանորյա նախագծի մշակում, ստեղծագործությունների ընթերցում

Տնային աշխատանք 01.10.2018

. Եթե չես պատասխանել  Կոմիտասի բանաստեղծությունները, կրկնի՛ր:
. Քո իմացած լեզվով համացանցից գտի՛ր մի փոքրիկ առակ և թարգմանի՛ր հայերեն:

Տնային աշխատանք 28. 09.2018

. Ընտանիքիդ անդամների հետ ընթերցի՛ր Կոմիաստի բանաստեղծությունները: Քո ընտրությամբ որևէ մեկը սովորի՛ր անգիր:
. Կատարի՛ր հետևհալ առաջադրանքը:

 

Տնային աշխատանք 27. 09.2018

. Կարդա՛ ստեղծագործությունը: Ունկնդրի՛ր երաժշտությունը:
. Կարգի՛ բեր բլոգդ, որպեսզի գնահատվես:

Տնային աշխատանք 26. 09.2018

. Գրքից  կատարի՛ր 18, 19-րդ առաջադրանքները:

Տնային աշխատանք 25. 09.2018

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով.

  1. «Իմ երազանքների երկիրը»
  2. «Հաղթական երկրի լուսաբացը»
  3. «Խենթերի ու երազողների երկիրը»:

Բլոգումդ խոհերդ արտահայտի՛ր հետևյալ թեմայով.
Պե՞տք է պատժել սովորողին: Եթե պատժել, ապա ինչպե՞ս: Դրա ազդեցությունը ինչպե՞ս կանդրադառնա սովորողի, ընկերների վրա:

 

Տնային աշխատանք 24.09.2018

ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

գ)  Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Կրկնի՛ր՝

Սովորի՛ր հետևյալ բառերի գրությունները.

Բարև, երկուշաբթի, չորրորդ, կատու, տերև, փախչել, խաղող, դեղձ, հաջողություն, ձնծաղիկ:

 

Տնային աշխատանք 20.09.2018

. Կարդա՛ առակը:
. Մի քանի նախադասությամբ գրի՛ր կարծիքդ առակի մասին:
. Գտի՛ր մուգ նշված բառերի հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը: Օրինակ՝ սև-սպիտակ):
. Ոզնու անունից մի նամակ գրիր անտառի բնակիչներին:

Ընկերասեր ոզնին

-Տե՜ս թե  ինչ փամփլիկ ու գեղեցիկ պոչ ունեմ ես,- պարծենում էր աղվեսիկը: Մի՞թե կարող եմ ընկերություն անել այսպիսի գորշ ու փշոտ արարածի հետ:

-Ախր դու շա՜տ փոքրիկ ես: Ես պատահաբար կարող եմ տրորել քեզ,- մրթմրթում էր արջը:

-Դու այնքան անկարող ես, ո՛չ թռչկոտել գիտես, ոչ՝ վազել,-ասում էր նապաստակը:

-Լա՛վ, ձայն չունես, գոնե լսողություն ունենայիր: Նույնիսկ ճահճի շուրջ հավաքված գորտերն են քեզնից լավ երգում,- ոզնու ականջի տակ կրկնում էր սոխակը:

-Խեղճի համար ծանր էր շարունակ այսպիսի քննադատություններ լսելը: Նա երկարժամանակ նստել էր անտառի խորքում գտնվող հին լճափին և նայում էր ջրում տարուբերվող իր արտացոլանքին: « Ինչո՞ւ եմ ես այսքան փոքրիկ, այսքան փշոտ ու անկարող, և վերջապես՝ գոնե երաժշտական լսողություն ունենայի» արտասվում էր ոզնին ու անիծում իր բախտը: Նրա արցունքները հեղեղի պես ողողում էին լճակի ջրերը: Մեկը չկար, որ մխիթարեր խեղճին: Վիտյան շատ էր տխրում այն մտքից, որ ոչ ոք չէր ցանկանում իր հետ ընկերություն անել: Տխրելն ի՞նչ, քիչ էր մնում անզորությունից հիվանդար:

-Մի առավոտ ոզնին սովորականի պես ճանապարհ ընկավ դեպի անտառի բացատ, նախաճաշի համար սունկ և հատապտուղներ հավաքելու: Նա դանդաղ քայլում էր ճանապարհով` տխուր մտքերի մեջ մտասուզված: Մեկ էլ հանակարծ նկատեց քամու պես սլացող աղվեսին, որը քիչ էր մնում ոտնատակ աներ իրեն: Վիտյան նայեց իր շուրջը և տեսավ աղվեսին հետևող զինված որսորդներին: Նա շատ վախեցավ, բայց վախն անտեսելով, առանց մի վայրկյան անգամ մտածելու, կծկվեց ու փշոտ կծիկի վերածվելով` ընկավ որսորդների ոտքերի տակ:

-Որսորդները չնկատելով փշե գունդը, սայթաքեցին և վայր ընկան: Մինչ նրանք կհասցնեին ոտքի կանգնել և հասկանալ գլխներին եկածը, աղվեսն արդեն հասցրեց փախչել և թաքնվել թփերի տակ: Վախից դողացող Վիտյան անհամբեր սպասում էր  որսորդների հեռանալուն: Միայն ուշ երեկոյան նրան հաջողվեց բռնել տունդարձի ճանապարհը: Կաղալով,  մի կերպ քարշ էր տալիս փոքրիկ մարմինը, քանի որ աղվեսին փրկելիս նա վնասել էր թաթը և մեծ դժվարությամբ էր քայլում: Տնակին մոտենալուն պես՝ Վիտյան նկատեց դռան առաջ իրեն սպասող աղվեսին:

-Շնորհակալությո՛ւն, ոզնի: Դու շատ քաջ ես: Անտառի բոլոր գազանները որսորդի վախից թաքնվել էին և ոչ ոք չէր համարձակվում անգամ քիթը բնից դուրս հանել : Միայն դու համարձակվեցիր  ինձ փրկել: Դու իսկական ընկեր ես, — խոստովանեց աղվեսը և խոնարհեց գլուխը:

-Այդ օրվանի մինչև այսօր, ոզնին և աղվեսը մտերիմ ընկերներ են: Աղվեսը անտառից դեղբույսեր ու սնունդ էր հայթայթում, մինչ ոզնին կկազդուրվեր և կկարողանար ինքնուրույն քայլել: Ոզնին այլևս մենակ չէր, քանի որ կողքին իսկական ընկեր ուներ:

-Չէ՞ որ իսկական ընկերը նա չէ, ով գեղեցիկ պոչ, արագավազ ոտքեր կամ հրաշալի ձայն ունի, այլ նա է, ով ընկերոջը վտանգի պահին մենակ չի թողնում:

Ռուսերենից թարգմանեց՝ Ա. Աբրահամյանը

 

Տնային աշխատանք 19.09.2018

Ավարտի՛ր նախադասությունները։

Հանկարծ մայր սագը տեսավ, որ ․․․․․․․․

Մանուշակը բացել էր իր կապույտ թերթիկներն ու ․․․․․․․

Հնձվորները նախաճաշեցին և ․․․․․

Վինի Թուխը ձեռքը մտցրեց փչակի մեջ և ․․․․․

Տղան այնքան բարձր բղավեց, որ ․․․․․

Սովորի՛ր հետևյալ բառերի գրությունները.

Բարև, երկուշաբթի, չորրորդ, կատու, տերև, փախչել, խաղող, դեղձ, հաջողություն, ձնծաղիկ:

18. 09.2018
. Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակումվերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլունկոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

. Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանով և սովորի՛ր:
.  Ինչպե՞ս կվերնագրեիր այս հեքիաթը:
.  Պտուղը տրված է գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան-
սալոր-
դեղձ-

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ սփյուռաքահայ սովորողների համար-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s