Ապրիլ ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան

27.04.2018

. Կարգի բեր բլոգդ, լրացրու՛ չկատարված աշխատանքները
. Ծանոթացի՛ր Համբարձման տոնի մասին տեղեկատվությանը և պատրաստիր ռադիո կամ վիդեոնյութ՝ նվիրված տոնին

24.04.2018

. Կարդա՛ Նադեր Էբրահիմիի «Անձրևի հեքիաթը » ստեղծագործությունը
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ թեմաներից մեկով՝

«Մարդիկ հավատալիքներ ունեն»
«Եթե մի գիշեր երկնքից աստղ վայր ընկնի…»
«Իրականությու՞ն, թե՞ պատրանք»

20.04.2018

. Կարդա՛ տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
Ու բոլորն էլ`
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,-ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:
Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:
Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:
Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:
Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:

17.04.2018

. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Իմ երազած Հայաստանը» թեմայով:

16.04.2018

Սև ոչխարը:  Բրունո Ֆերեո

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Բլոգում՝

. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմի՛ր պատմվածքը:
. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
. Համաձա՞յն ես արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորի՛ր:
. Նկարագրի՛ր իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ։

Դասարանական աշխատանք

Ստեղծագործական աշխատանք
Դու ազատ ես` ապրի՛ր, սխալվի՛ր
. Իմ զենքն իմ գրիչն է (միտքն է)
. Մեր տան ամրոցն է մայրս
. Երբ իզուր հարց չեն տալիս`սուտ պատասխան չե՜ն ստանում:
. Ամենից դժվար բանը սիրելն է…
. Մի քիչ սեր բաշխեք, մարդի՛կ…
. Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է…

11.04.2018

. Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսենի տրված հեքիաթները: Առավել հավանածդ հեքիաթի մասին գրիր բլոգում:

Անագե տոկուն զինվորիկը

Թիթեռնիկը

Հովվուհին և ծխնելույզ մաքրողը

10.04.2018

. Թարգմանի՛ր այս կամ քո ընտրությամբ առակ, մտածի՛ր դրանում արծարծված թեմայի մասին.

Один раз Учитель спросил у своих учеников:

– Почему, когда люди ссорятся, они кричат?

– Потому, что теряют спокойствие,- сказал один.

– Но зачем же кричать, если другой человек находиться с тобой рядом? – спросил Учитель. – Нельзя с ним говорить тихо? Зачем кричать, если ты рассержен?

Ученики предлагали свои ответы, но ни один из них не устроил Учителя. В конце концов он объяснил:

– Когда люди недовольны друг другом и ссорятся, их сердца отдаляются. Для того чтобы покрыть это расстояние и услышать друг друга, им приходится кричать. Чем сильнее они сердятся, тем громче кричат.

– А что происходит, когда люди влюбляются? Они не кричат, напротив, говорят тихо. Потому, что их сердца находятся очень близко, и расстояние между ними совсем маленькое. А когда влюбляются еще сильнее, что происходит? – продолжал Учитель. – Не говорят, а только перешептываются и становятся еще ближе в своей любви.

В конце даже перешептывание становится им не нужно. Они только смотрят друг на друга и все понимают без слов. Такое бывает, когда рядом двое любящих людей.
Так вот, когда спорите, не позволяйте вашим сердцам отдаляться друг от друга, не произносите слов, которые еще больше увеличивает расстояние между вами. Потому что может прийти день, когда расстояние станет так велико, что вы не найдете обратного пути.

   

9.04.2018

. Կարդա՛ Ղազարոս Աղայանի մանկական պատմվածները   և վերլուծի՛ր դրանցից մեկը:
. Գրի՛ր խոհերդ Ալֆոնս Դոդեի ստեղծագործության մասին:

6.04.2018

. Բլոգում գրի՛ր գրադարանում ընթերցած գրքի, դրա բովանդկության և ասելիքի մասին:
. Կարդա՛ ստեղծագործությունը: Պատրաստվի՛ր քննարկման:

Կորնել պապի գաղտնիքը: Ալֆոնս Դոդե

Ծերունի սրնգահար Ֆրանսուա Մամայը երբեմն երեկոյան գալիս էր ինձ մոտ՝ միասին մի-մի բաժակ հին գինի խմելու:

Մի անգամ նստած էինք գինին առաջներս, երբ այդ ծեր սրնգահարը մի այսպիսի պատմություն արավ:

Մեր երկիրը միշտ այսպես տխուր ու մեռած չի եղել, ինչպես հիմա: Առաջ նա ալյուրի մեծ առևտուր էր անում: Յոթ մղոն հեռվից ագարակատերերը հացահատիկ էին բերում աղալու: Մեր գյուղի շուրջը բոլոր բլուրների վրա հողմաղացներ կային: Աջ և ձախ միայն երևում էին թևերը: Նրանց շարժում էր Միջերկրական ծովից փչող քամին: Էշերը շարեշար, բեռնավորված գալիս էին ու գալիս: Շաբաթվա 6 օր լսվում էին օդում մտրակների շաչյունը և հողմաղացներում աշխատող բանվորների ձայները: Բայց ամենից աշխույժ աշխատում էր Կորնել պապի հողմաղացը:

Կիրակի օրերը մենք խմբերով ուղևորվում էինք բլուրները: Այնտեղ հողմաղացպանները մեզ հյուրասիրում էին գինի: Նրանց կանայք շատ լավ հագնված էին, ոսկե շղթաները վզներից կախ: Ես տանում էի հետս սրինգս և ամբողջ գիշերն ածում էի, նրանք էլ պար էին գալիս:

Եվ այսպես, հողմաղացները կենդանացնում և ուրախացնում էին մեր երկիրը: Եվ ահա փարիզեցի ֆրանսիացիները Տարասկոնի ճանապարհի վրա, դեպի մեր գյուղի կողմը, կառուցեցին մի մեծ շոգեաղաց:

Գեղեցիկ էր: Նոր էր: մարդիկ սկսեցին իրենց բնաղունը կրել այդ շոգեաղացը. նա և՛ արագ էր աշխատում, և՛ էժան. էլ խեղճ հողմաղացները մնացին բոլորովին անգործ: Այդ ծերուկ հողմաղացներն ուզեցին սկզբում կռվել նորի դեմ, բայց շոգին ավելի ուժեղ էր, և նրանք բոլորն էլ մնացին պարապ, առանց աշխատանքի:

Էշերի շարքերն այլևս չէին երևում մեր ճանապարհների վրա: Հողմաղացպանների գեղեցիկ կանայք ծախեցին իրենց ոսկե շղթաները: Անհետացավ քաղցր, հոտավետ գինին: Չկար այլևս խաղն ու պարը: Ինչքան ուզում է թող փչի ծովի քամին, հողմաղացներն այլևս իրենց թևերը չէին շարժում: Եվ ահա որոշեցին հողմաղացները մեջտեղից վերացնել: Նրանց տեղը խաղող և ձիթենի տնկեցին: Միայն մի հողմաղաց մնաց բարձր բլուրի գլխին և շարունակեց առաջվա պես կայտառ և աշխույժ շարժել իր թևերը՝ բանի տեղ չդնելով շոգեաղացը: Դա Կորնել պապի հողմաղացն էր:

Ծերուկ սրնգահարը լռեց և դատարկեց գինու բաժակը:

II

— Կորնելը,- շարունակեց սրնգահարը,- ջաղացպան էր: Նա ապրեց 60 տարի ալյուրի տոպրակների մեջ և շատ էր սիրում իր հողմահացը ու իր գործը: Շոգեաղացը հասցրեց նրան կատաղություն: Մի ամբողջ շաբաթ գյուղն ընկած՝ նա անդադար վազվզում էր դես-դեն, անլվա, գզգզված, աշխատում էր գյուղացիների միտքը պղտորել: Նա գոռում-գոչում էր, թե շոգեաղացները թունավորում են ալյուրը:

— Միք գնա այնտեղ,- աղաչում էր նա,- այնտեղ խաբեբա փարիզեցիք աղունն աղում են շոգու միջոցով. իսկ շոգին դևի հնարած բանն է: Հավատացե՛ք ծերուկ Կորնելին, որ դա այդպես է: Ամբողջ 60 տարի է, որ ես աշխատում եմ քամու օգնությամբ. իսկ ի՞նչ է քամի: Քամին աստծու շունչն է:

Եվ այդպես, երկար ու երկար նա գովում էր իր հողմաղացը, բայց նրան լսող ոչ ոք չկար: Այն ժամանակ սաստիկ կատաղած՝ ծերուկը փակվեց իր հողմաղացում և ապրում էր այնտեղ, ինչպես մի վայրի գազան, բոլորովին մենակ, մեն-մենակ: Նա մինչև անգամ հեռացրեց իրենից իր սիրելի թոռնիկ Իվետային: Ո՞վ էր Իվետան: Նա 15 տարեկան մի աղջիկ էր, որը հոր և մոր մահից հետո ոչինչ չուներ, բացի իր Կորնիլոս պապից: Պապն էր, որ նրան կերակրեց, խնամեց և այդ հասակին հասցրեց: Հիմա  այդ աղջիկը գյուղում գլուխ է պահում՝ սրա-նրա տանն աշխատելով: Հնձի եռուն ժամանակ, շերամի բոժոժը և ձիթապտուղը հավաքելիս նա միշտ էլ աշխատանք է ունենում:

Է՛, ի՞նչ, Կորնելը մոռացե՞լ է իր մեցրած թոռնիկին: Ո՛չ. նա հիմա էլ սաստիկ սիրում է Իվետային: Հաճախ, շոգ օրերին, արևի կիզիչ ճառագայթների տակ երեք-չորս մղոն ճանապարհ էր կտրում, որպեսզի գտնի Իվետային, նստի նրա հետ բաց դաշտում: Երբ Իվետան մոտն էր լինում, Կորնելը նստում էր ու լալիս էր:

Միայն թե իր մոտ՝ հողմաղացը գալու, թույլ չէր տալիս: Համագյուղացիները հաճախ խոսում էին իրար մեջ Կորնելի և նրա թոռնիկի մասին: Ծերունուն հայհոյում էին, ու ասում, թե նա ժլատությունից էր, որ վռնդեց Իվետային:

— Լսված բան է,- դատում էին նրանք,- որ այդպիսի մի հարգելի մարդ, ինչպիսին Կորնելն է, փողոցները չափչփի բոբիկ, հագին ցնցոտի, ծակծկված գլխարկով:

III

Կորնելն զգում էր, թե ինչ են ասում նրանց ծուռ հայացքները և երբեք, ոչ մի ժամանակ, համագյուղացիների հետ չէր նստում նստարանին: Ոչ ոք այլևս գյուղից աղուն չէր բերում Կորնել պապի մոտ: Թվում էր, թե նրա հողմաղացը վաղուց կանգնած պետք է լիներ: Այնինչ նա դեռևս համառ կերպով շարժում էր իր թևերը, անդադար շարժում:

— Ի՞նչ է աղում Կորնել պապին,- հարցնում էին համագյուղացիները:

Երեկոները տեսնում էին, թե ինչպես ծերունին իր բեռնավորված իշուկն առաջն արած քշում էր:

— Բարի իրիկուն, Կորնել պապի,- կանչում էին գյուղացիները: — Քո հողմաղացը կասես դեռ աշխատում է:

— Հա, քիչ-միչ,- ուրախ պատասխանում էր ծերունին,- աշխատանք կա:

Գյուղացիները զարմացած հարցնում էին:

— Ախր ո՞ւմ աղունն ես աղում: Չէ՞ որ մենք բոլորս աղունը տանում ենք շոգեաղաց:

Ծերունին մատը դնում էր շրթունքներին և լուրջ պատասխանում.

— Գրողը տանի, իմ հողմաղացն աշխատում է ոչ թե ձեզ համար, այլ ուրիշի գյուղերի համար:

Էլ ուրիշ ոչինչ չէր կարելի դուրս քաշել նրանից: Դռնից ներս նայել չէր լինում՝ տեսնելու, թե ի՛նչ է կատարվում հողմաղացում: Մինչև անգամ Իվետան էլ չգիտեր: Հողմաղացի փոքրիկ դռնակը միշտ փակ էր: Ահագին թևերը ճռճռալով պտտվում էին: Զառամյալ էշը հողմաղացի առաջ արածում էր, իսկ մեծ, լղարիկ կատուն նստած էր հողմաղացի լուսամուտում և չարացած նայում էր անցորդներին: Ինչպես երևում էր, Կորնել պապը մի գաղտնիք ուներ:

Ամեն մեկն իր գուշակությունն էր անում այն մասին, թե ինչ է կատարվում Կորնել պապի հողմաղացի ներսում: Սրանք բոլորն էլ այն կարծիքին էին, որ Կորնել պապի հողմաղացում փողի տոպրակներն ալյուրի տոպրակներից ավելի շատ են: Ահա թե ինչու այդ ժլատ ծերուկը փախչում է մարդկանցից և հողմաղացի դուռն էլ միշտ փակ է պահում:

IV

Ահա թե ինչպես վերջապես բացվեց Կորնել պապի գաղտնիքը: Մի անգամ, երբ ես սրինգս էի ածում, իսկ ջահելները պարում էին մարգագետնում, նկատեցի, որ իմ մեծ որդին ամբողջ ժամանակ պարում է Իվետայի հետ: Նույն իրիկունը նրանք պատմեցին ինձ, որ իրար սիրում են և ուզում են ամուսնանալ:

Ճիշտն ասած, ես գոհ մնացի, որովհետև, այսպես թե այնպես, Կորնել պապը հարգելի մարդ էր, Իվետան էլ լավ և աշխատող աղջիկ էր: Ինձ համար շատ դուրեկան կլիներ, որ այն գեղեցիկ, թռչնակ Իվետան իմ տան տնտեսուհին դառնար: Պետք էր այդ մասին խոսել Կորնել պապի հետ: Ես մտածեցի, մտածեցի և բռնեցի հողմաղացի ճամփան: Ա՜խ, այդ ծեր կախարդը: Պետք էր տեսնել, թե ինչպես նա ինձ դիմավորեց: Նա այդ անգամ էլ ինձ ներս չթողեց: Ես նրան ձայն տվի փականքի արանքից և հայտնեցի, թե ինչու եմ եկել: Քանի դեռ կանգնած էի դռան առաջ, անիծված կատուն դևի նման ֆշշացնում էր գլխիս վերևը: Ծերուկը մինչև անգամ թույլ չտվեց ասելիքս վերջացնեմ:

— Գնա՛, սրինգդ ածի,- բղավեց նա: Եթե այդքան շտապ է տղայիդ ամուսնացնելը, քեզ հարսնացու ճարի այնտեղ՝ շոգեաղացում:

Արյունը գլուխս տվեց, երբ ես լսեցի նրա այդ վատ խոսքը: Բայց ես զսպեցի ինձ: Ես թողի հեռացա  ծերուկից և գնացի պատմելու երեխաներին անհաջողությանս մասին: Բայց երեխաները հույսը չկտրեցին: Նրանք վճռեցին մի կերպ ներս մտնել պապի հողմաղացը: Եվ ահա իմ սիրելի ջահելներն ուղևորվեցին դեպի բլուր: Երբ նրանք մոտենում են հողմաղացին, Կորնել պապն այնտեղ չի լինում: Դուռը փակված է եղել երկու կողպեքով: Ծերունին գնալիս՝ մոռացել էր վերցնել շարժական սանդուղքը:

Երեխաները սանդուղքով վեր են բարձրանում, որ լուսամուտից ներս մտնեն և տեսնեն, թե այդ խորհրդավոր հողմաղացում ի՛նչ է կատարվում:

V

Տեսնե՜ն, ի՛նչ տեսնեն: Աղացող քարերը չեն շարժվում: Ո՛չ մի տոպրակ: Ո՛չ մի հացահատիկ: Ալյուրը փոշու ո՛չ մի հետք ո՛չ ալրատանը և ո՛չ պատերի վրա: Մինչև անգամ նոր աղացած ցորնահոտն էլ չի գալիս: Փայտե անիվը փոշու մեջ կորած և վրան լղար կատուն պառկած: Մյուս սենյակն էլ մերկ էր ու ավեր: Մահճակալը վատ, հատակի վրա ցնցոտիներ, հացի փշրանքներ: Միայն մի անկյունում ընկած են երեք չորս լեցուն տոպրակներ: Ի՞նչ կա նրանց մեջ ալյուր, թե հացահատիկ: Երեխաները նայում տեսնում են, որ վերևի տոպրակի ծակից մանր քարեր և ավազ է թափվում: Ահա Կորնել պապի գաղտնիքը: Այդ ավազը, աղբը նա ամեն իրիկուն տանում էր ճանապարհներով, որպեսզի ազատի, փրկի իր հողմաղացի պատիվը, և ուրիշներին մտածել տա, որ ինքը իսկական հացահատիկ է հողմաղաց տանում աղալու: Խե՜ղճ հողմաղաց: Խե՜ղճ Կորնել պապ: Վաղուց արդեն շոգեաղացը խլել էր նրանցից վերջին աշխատանքը: Թևերը շարժվում էին, բայց քարերը պտտվում էին դատարկ տեղը, անաղուն: Երեխաները լացակումած վերադարձան տուն, հայտնեցին ինձ, թե ինչ են տեսել հողմաղացում: Իմ սիրտն էլ ճմլվեց, երբ լսեցի այդ ամենը: Իսկույն, րոպե անգամ չկորցնելով, ես վազեցի հարևաններիս մոտ և մի երկու խոսքով պատմեցի բանի էությունը: Մենք որոշեցինք մխիթարել խելքը կորցրած ծերուկին:

Արինք, արինք: Ամբողջ գյուղը շտկվեց դեպի հողմաղացը՝ առաջն արած էշերի շարանը: Այս անգամ հացահատիկ տարանք: Հողմաղացի դուռը կրնկի վրա բաց գտանք: Ծերուկ ջաղացպանը տանն էր: Նա նստած էր աղբով տոպրակի վրա և լալիս էր՝ գլուխը ծնկներին սեղմած: Քիչ առաջ էր նա տուն եկել և նկատել էր, որ մեկը եղել է իր մոտ և բացել է իր գաղտնիքը:

— Ամո՛թ է, ամո՛թ է ինձ,- փնթփնթում էր նա: — Էլ ինչպե՞ս ես երևամ մարդկանց աչքին: Լավ է, որ ես այդտեղ մեռնեմ: Իմ խղճո՜ւկ հողմաղաց: Ժողովուրդը քեզ էլ, ինձ էլ կծաղրի:

Նա հեկեկում էր, տալով իր հողմաղացին զանազան փաղաքշական անուններ, խոսում էր նրա հետ, ինչպես մի կենդանի արարածի հետ: Հենց այդ ժամանակ մեր էշերի քարավանը կանգ առավ հողմաղացի առաջ, և մենք բարձրաձայն դուրս կանչեցինք ծերունի ջրաղացպանին այնպես, ինչպես կանչում էինք հին ժամանակը, երբ շոգեաղացներ դեռ չկային:

VI

Եվ ահա կրկին, ինչպես հնումն, աղունի տոպրակները դեզ են կազմում Կորնել պապի դռանը, և նա իր աչքով տեսնում է ոսկեգույն հացահատիկը: Ծերուկ ջաղացպանն աչքերը լայն բացեց, մի բուռ ցորեն վերցրեց և ծիծաղեց.

— Ա՛յ, ա՛յս է հացահատիկը, իսկական հացահատիկը: թողեք մի լավ տեսնեմ:

Հետո նա հանգստացավ, երեսը դարձրեց դեպի դուռը և ասավ.

— Ես լավ գիտեի, որ դուք էլի ինձ մոտ եք գալու: Բոլոր շոգեաղացների տերերը գողեր և ավազակներ են:

Մենք խնդրեցինք Կորնել պապին, որ մեզ հետ գյուղ գա, բայց նա մերժելով ասաց.

— Ո՛չ, ո՛չ, զավակներս, առաջ պետք է հողմաղացը կերակրեմ: Դուք լավ գիտեք, որ նրա ատամի տակ վաղուց է հատիկ չի ընկել:

Մեզ բոլորիս, համարյա թե լացացրեց: Լացակումած նայում էինք, թե ինչպես Կորնել պապը այս կողմ, այն կողմ, աջ ու ձախ էր ընկնում, բանում էր տոպրակների բերանները, հետևում էր քարերին հենց այն ժամանակ, երբ հացահատիկը վերևից կաթկթում էր քարերի տակ, և շարմաղ ալյուրի փոշին նստում պատերին՝ հասնելով մինչև առաստաղը: Այդ օրից սկսած մենք Կորնել պապի հողմաղացին աշխատանք էինք տալիս: Ահա մի առավոտ էլ Կորնել պապին մեռած գտանք: Նրա միշտ համառ հողմաղացի թևերը վերջապես դադար առան աշխատելուց և այս անգամ արդեն ընդմիշտ:

Ամեն բան աշպարհում իր վերջ ունի: Եվ պետք է ասել, որ հողմաղացների ժամանակն էլ անցել է և երբեք այլևս ետ չի դառնա:

4.04.2018

. Սովորի՛ր թվական անունը

Թվական

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամ-
բողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվա-
կանները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միա-
սին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմ-
նականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրա-
մաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝
ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։

Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանա-
կականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ,
երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր-
ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առա-
ջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական
թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ
և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար-
դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-
ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով,
որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական
թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասա-
կան թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը
գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն
նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։

Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանա-
կական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։

Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորա-
կային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ,
երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա-
նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները
գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են
առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի
փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տաս-
նորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

. Գրի՛ր բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

 . Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Դասարանական աշխատանք

Թվական

. Թվականները գրի՛ր տառերով

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը մի ընդարձակ լեռնային երկիր է, որի տարածությունը 40000 քառ. կմ է, միջին բարձրությունը՝ 1700 մ: Նրա կենտրոնում Արարատ լեռան հրաբխային զանգվածն է՝ Մեծ Մասիս (5156 մ) և Փոքր Մասիս (3914 մ) գագաթներով: Իր բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդը Սիփանն է (4434 մ), երրորդը՝ քառագագաթ Արագածը (4090 մ): Վերջինիս Հայաստանի ամենաբարձր լեռն է: Հաջորդը Կապուտջուղն է (3906 մ) Զանգեզուրի լեռնաշղթայում: Հայկական լեռնաշխարի մյուս բարձր լեռներն են Բյուրակնը (3650 մ), Սուկավետը (3445 մ), Թոնդրակը (3542 մ), Ծաղկոց լեռը (3519 մ), Նեմրութը (3050 մ), Թեղենիսը (2846 մ), Նպատը (2332 մ), Մարութա սարը (2962 մ):

. Փոխի՛ր թվականների գրության ձևը:.

Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
XIX դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:

3.04.2018

. Ավարտի՛ր նախագծային աշխատանքդ, հրապարակիր բլոգում
. Կարդա’ Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը
. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» վերնագրով

Լրացուցիչ աշխատանք

. Ընթերցի՛ր Մուրացանի    «Նոյի ագռավը » պատմվածքը, բլոգում գրի՛ր խոհերդ պատմվածքի մասին և պատրաստվի՛ր քննարկման:

Այս նյութը հրատարակվել է Առաջադրանքներ (8-րդ դասարան)-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s