Կուժն առա, ելա սարը. երգի պատմությունը

08.jpg
Կոմիտասը երբ արթնացավ ,արդեն լուսադեմ էր : Խոտի մեջ մի ծղրիդ էր երգում . երևի ողջ գիշեր երգել էր, ու ինքը չէր լսել:
Մեծ մայրը բաց արեց գոմի դուռը: Սկզբից ոչխարները դուրս եկանը, իսկ հետո գոմեշը:
Կապտերանգ գոմեշը եկավ բակից ու հենվելով երկնքին՝ անշարժացավ: Հետո շարժվեց, թափահարեց գլուխն ու մնչաց:
-Հերիքնազ, գոմշուկը դուրս ելավ, -կանչեց մեծ մայրը:
Հերիքնազը գնաց գոմեշի ետևից, ետ քշեց ու, վերցնելով դռան մոտ դրված կուժը, նորից դուրս գնաց:
-Էսպես կանո՞ւխ ,- հարցրեց մեծ մայրը :
— Անդրանիկն էսպես կանուխ գնաց,- պատասխանեց հարսը:
Տանիքի վրայից երևում էր աղբյուր տանող ճանապարհը. լուսադեմի մանիշակագույն մթնալույսի մեջ Հերիքնազի կուժը կապույտին էր տալիս: Որքան հեռանում էր, այնքան կուժը ձուլվում էր նրան: ՈՒ մի պահ Կոմիտասին թվաց, թե գլուխ -գլխի տված սիրահարներ են գնում, գնում են աղբյուրը ջրի:
ԵՎ չգիտես, խաբկա՞նք էր, թե իսկապես մի երգ հասավ ականջին…
Կուժն առա, ելա սարը…
Արարատ, Սիփան, Բինգյոլ, Արագած. ո՞ր սարերում էր լսել այս երգը, չէր հիշում: Ամեն տեղ կուժն առնում, ելնում են սարը, ամեն տեղ  յար են փնտրում, գտնում են ու չեն գտնում:
Լուսաբացը մոտենում էր: Գյուղը սարի ստորոտին էր, աղբուրը՝ սարի վրա: Կտուրից երևում էր աղբյուրը գնացող Հերիքնազը: Կոմիտասը թափ տվեց շորերին կպած խոտի ծեղերին, ու կանգնեց կտուրին :Աղբյուրի մոտից ճանապարհներ էին սկսվում, որ ձգվում էին հեռու, դեպի դաշտավայրը, գետ ու այնտեղից էլ կորչում բլուրների ետևում: Աղբյուրից երգի ձայն էր գալիս.
Կուժն առա,ելա սարը…
Արարատ, Սիփան, Բինգյոլ, Արագած. ո՞ր սարերում էր լսել այս երգը, չէր հիշում: Ամեն տեղ կուժն առնում, ելնում են սարը, ամեն տեղ  յար են փնտրում , գտնում են ու չեն գտնում:
Նա հանեց նոտատետրը և մատիտով շտապ-շտապ նոտաագրեց: Երգեց առաջին դարձվածքը, երգեց աչքերը կիսախուփ, հայացքը դեպի հեռուներ փախչող ճանապարհներին, ու նրան թվաց, թե տեսնում է աղբյուրի մոտ կանգնած Հերիքնազին, որ ճանապարհում է ամուսնուն: Ոտաբոբիկ էր այդ հերիքնազը,առավոտի ցողը թրջել էր նրա թուխ ոտքերը, իսկ արևը բեկվել էր ականջներից կախված ոսկե գնդերի մեջ, այտափոսիկներ ուներ և դեպի վեր թռչող սև հոնքեր:
<<Խաբրիկ կուղարկես, շուտ կգաս>>, — շշնջում էր հերիքնազը: — <<Մեկ էլ, որ արագիլը վերադառնա, մեկ էլ որ մեր գյուղի երեխեք կտուրին կանգնած կանչեն. <<Հե՜յ արագիլ, բարով եկար >>, —  ես կեղնեմ տանը>>, — ասում էր Անդրանիկը:
Կոմիտասին թվաց, թե այս բոլորը կատարվում է հենց հիմա, որ քիչ առաջ էր, ինչ Հերիքնազը բաժանվեց ամուսնուց, որ ոլորապտույտ ճանապարհով հեռացող ճամփորդը Անդրանիկն է:
-Վարդապետ , Հերիքնազը ջուր բերեց, լվացվել չե ՞ս ուզի:
Մեծ մոր ձայնը սթափեցրեց Կոմիտասին, նա իջավ տանիքից, լվացվեց ու ներս գնաց:
Եվ երբ ձին դուրս բերեցին մարագից, և երբ պիտի գնար, մեծ մայրն ասաց Կոմիտասին.
-Վարդապետ, խաբրիկ հարցրու: Թուղթ զրկե, թող Անդրանիկ նամակ գրե:
Հերիքնազը ոչինչ չասաց, գլուխը կախ կանգնած էր մեծ մոր կողքին:
-Ձեր գյուղը պատարագի կգամ, խաբրիկ կբերեմ:
-Պատարագդ բարի էղնի , — ասաց մեծ մայրը:
Նա ձիու սանձը բռնած քայլեց :
-Հերիքնազը նորից աղբյուրգնաց : Հերիքնազ ասում է. <<Ջուր բերեմ, որ թե պանդուխտ անցնի ճանապարհով ,սառը ջուր տամ>>- խոսեց հանկարծ մեծմայրը:
Կոմիտասի հայացքը շաղվեց ,մի ինչ-որ բան սեղմեց կոկորդը:Մեծ մոր աչքերը բյուրեղապակյա արցունքներով էին լցված: Նրանք շողում էին ծերունական ծալքավոր, անթարթիչ կոպերի տակ ու ընկնում:
— Բարի երթաս, բարի գաս,- ասաց մայրն ու ետ գնաց:
Կանգնել էր Կոմիտասը ճամփաբաժնում ու նայում էր, և նա կարկատաններով շրջազգեստի փեշերը բարակ փոշի էին բարձացնում ճանապարհից: Գնում էր մեծ մայրը, ինքը կանգնել էր անշարժ, և չգիտես որտեղից որտեղ հոգին անձայն ու տխուր երգում էր.
Կուժն առա, ելա սարը….
Չգտա ֆիդան յարը…
Որտե՞ղ էր ծնվել այս երգը, որտե՞ղ էր լսել նա այս մեղեդին: Ամեն տեղ յար են փնտրում, գտնում են ու չեն գտնում:
Պատնության հեղինակ ՝ ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

Նկարը՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի կայքէջից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Կոմիտաս-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s