Սիրո Երկրորդ օրենք. «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»

__145639278100«Սիրո օրենքները» խորագրով հոդվածաշարի երկրորդ  օրենքը, որ պետք է մեկնաբանենք, Աստծո երկրորդ պատվիրանն է. «Վերևում՝երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերիմեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքերչպիտի կերտես»,- ասում է Տերը և ավելացնում,- «Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ»:

Յուրաքանչյուրս, կարդալով այս տողերը, կարող ենք մտածել, որ մենք հեռու ենք կռապաշտությունից և մեր մեջ այդ մասնիկը չկա, սակայն ինքներս էլ հաճախ չենք հասկանում` ինչպես ենք խախտում այս պատվիրանը:

ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանն այս պատվիրանը պահելու համար, խորհուրդ է տալիս սովորել զանազանել արարածին արարչից, որովհետև արարածը Արարչի ձեռքով ստեղծվածն է և  փառքն ու պատիվը, որ մենք պետք է տանք Աստծուն, չպիտի տանք արարվածին. «Մենք շատ պարագաներում մեր կյանքում ավելի կարևորում ենք ստեղծվածին, քան Արարչին: Եթե մտածում ենք` գնում ենք թագավորի մոտ, այլևս պետք չունենք մտածելու, թե նրա ծառաները կարող են մեզ համար մի այնպիսի բան անել, որ թագավորը չի կարող անել: Ինչ կարող է անել ծառը, քարը, կամ այն կուռքերը, որ մենք ստեղծում ենք, առավել քան թագավորը` Քրիստոս»:
Տեր հայրը հիշում է Աստվածաշնչյան պատումը, թե ինչպես հրեաները պատժվեցին, երբ Մովսեսը բարձրացավ Սինայի լեռ և քառասուն օր չերևաց. «Հրեաները կենդանի Աստծուն թողեցին և, ոսկե  հորթ պատրաստելով, սկսեցին այդ հորթին երկրպագել: Որքա˜ն բարձրացավ Տիրոջ ցասումը, որ պատժեց ոսկե հորթին երկրպագողներին և այն աստիճան, որ Մովսեսն այդ իրենց գործած մեղքը՝ ոսկե հորթը կրակը նետեց, ապա փշուր-փշուր անելով փոշու վերածեց, փոշին լցրեց լեռից իջնող վտակի մեջ (Երկրորդ օրենք 9:20-21) ու տվեց ժողովրդին որ խմեն (Ելք 32:20)` ցույց տալով, որ այն անզոր ու անպիտան է»: Տեր Զենոնը շեշտում է, որ երկրպագում ենք միայն Տիրոջը, իսկ սրբապատկերները, շարականները, աղոթքները միջոց են, որ տեսնելով սրբերի խոնարհությունը, լսելով Տիրոջն ուղղված խոսքերը`  երկրպագենք Նրան:

Կռապաշտության մասնիկներն առկա են մեր կեցաղավարության մեջ. հաճախ բառեր ենք օգտագործում մեր կյանքում, որոնք դեմ են այս պատվիրանին: Մեզ համար կուռքեր ենք պատրաստում թե´ երգիչ- երգչուհիներից, թե´ տարբեր «աստղերից», որոնց ասում ենք` մենք նրանց երկրպագում ենք: Այս խոսքը գնում է ընդդեմ  առաջին պատվիրանի, որովհետև երկրպագութունը (երկիր պագանել`երկիր համբուրել) պետք է կատարենք մեր Տիրոջը, այսինքն ` ուր Տիրոջ ոտքերն են: Մենք պետք է երկրպագենք միայն Աստծուն, ով մեզ առաջնորդում է դեպքի փրկություն: Այս ճանապարհին մենք հաճախ ենք փորձությունների ենթարկվում, որովհետև սատանան ինքը մեծ նպատակ ունի մեզ կռապաշտ դարձնելու: Եվ ինչպես նա անապատում փորձեց Հիսուսին, այնպես էլ մենք պետք է փորձվենք հաճախ, սակայն ինչպես մեր Տերը` Հիսուս Քրիստոս չկամեցավ աշխարհի բոլոր թագավորությունները, այնպես էլ մենք պետք է մեր հավատքում այնքան անսասան դառնանք, որ ունենանք այդ զորությունը  մեր Տիրոջ պես պատասխանելու. «Հետև´ս գնա, սատանա´, որովհետև գրված է. «Տիրոջը` քո Աստծուն կերկրպագես և միայն նրան կպաշտես»:

 

Հռիփսիմե Գալստյան

Այս նյութը հրատարակվել է Հոգևոր նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն