ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

     __3800«Նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է,պիտի բարձրանա» (Ղուկ. 14: 11, Մատթ. 23: 12)

Խոնարհության գաղափարը մեզանում հաճախ է արծարծվում: Խոնարհությունը հաճախ ասոցացվում է խեղճության, ինքնանվաստացման հետ, սակայն իրականում խոնարհությունը քրիստոնեության մեծագույն առաքինություններից մեկն է:  Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11: 29), իսկ հավատացյալ յուրաքանչյուր մարդ ձգտում է Տիրոջը նման լինել, ուրեմն մտածել, որ խոնարհությունը ինքնանվաստացում կամ խեղճություն է, անմիտ է:

Խոնարհությանն հակադրվելու է գալիս հպարտությունը, որը յոթ մահացու մեղքերից առաջինն է:
Հենց խոնարհ չլինելու պատճառով գործվեց առաջին ` ադամական մեղքը, որի արդյունքում բոլորս ծնվում ենք այդ մեղքը մեզանում, իսկ մեր Տերը կամեցավ խոնարհվել, մարդ դառնալ, նաև անարգվել, Իր գլխին կրել փշե պսակը, ծաղրվել, խաչվել, մահվան դատապարտվել: Հենց սա է իրական խոնարհումը. աշխարհից, մեղքերից կամովին հրաժարվելը, որպեսզի Աստծով լուսավորվես ու գնաս երկնային շնորհներին ընդառաջ: Տերն Ինքը, պատասխանելով աշակերտների այն հարցին, թե ով է իրենցից մեծը, պատասխանում է. «Նա, ով բոլորի ծառան է» (Մատթ. 20:26-28):

Եվ ինչպես ասում է  մարգարեն` Մեսիան Ինքն էլ խոնարհ թագավոր է լինելու. ավանակի վրա նստած է մտնելու Սիոն (Զք. 9.9)։

Խոնարհության լավագույն օրինակ է նաև Մարիամ Աստվածածինը, որը խոնարհվեց Աստծո կամքի առջև:

Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին իր  «Խրատի թանգարան» աշխատությունում նշում է.

«Ինչպես, որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո ու մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը` սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով տառապեցնում է, իսկ երկրորդը` անվրդով խաղաղությամբ հանգստացնում» :

Պետք է չմոռանալ, որ խոնարհությունը մարդ-Աստված փոխհարաբերության և մարդկային հարաբերությունների մեջ ներդաշնակության աղբյուր է. «Այն ոչ թե հոգու անզորության նշան է, այլ արիության, ոչ թե մտքի հիմարության, այլ իմաստության  նշան է, և ոչ թե կամքի թյուրության, այլ ուղիղ լինելու նշան է: Որովհետև վախկոտը, հիմարն ու մոլին չեն խոնարհվի երբեք, քանզի չունեն զորություն հաղթահարելու հպարտության ու բարկության կրքերը»,- ասվում է նույն գրքում:

Մեր օրերում խոնարհության ճիշտ ճանապարհը սովորեցնում է եկեղեցին: Եկեղեցի այցելելը, Սուրբ Պատարագի մասնակցելը, կատարած մեղքերի համար զղջումը, Բարձրյալին փառավորելն արդեն իսկ խոնարհության նշան են, բայց ճշմարիտ խոնարհները երբեք չեն համարում, թե հասել են կատարյալ խոնարհության, որովհետև խոնարհը միշտ իր սխալներն է փորձում գտնել ու վերացնել դրանք: Անձը խոնարհեցնելու աստվածաշնչյան ճանապարհներից մեկն էլ ծոմապահությունն է: Այդ կերպ դու վաստակում ես հաղորդություն ստանալու շնորհը, ինչը երջանկություն է հավատացյալի համար:

Խոնարհ լինել դեռ չի նշանակում զերծ մնալ փորձություններից, որովհետև խոնարհները շատ հաճախ ենթարկվում են փորձությունների և նրանք, որ  նույնիսկ փորձության ժամանակ փառավորում են Աստծուն և նրանից ակնկալում իրենց փրկությունը, ավելի են մոտենում աստվածային լույսին, ավելի են սիրելի դառնում Աստծո կողմից:   Եվ վերջում չմոռանանք, որ «Խոնարհության պտուղը Աստծո երկյուղն է, հարստություն, փառք ու կյանք» (Առկ. 22.4)։

Այս նյութը հրատարակվել է Հոգևոր նյութեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s