«Մեր կյանքն արտերկրում մեկ սև է, մեկ սպիտակ»

SONY DSC

Սուրենն ու Անին (անունները փոխված են, երեխաների խնդրանքով չենք նշում նաև երկիրն ու քաղաքը) արդեն երեք տարի ապրում են արտերկրում:
Թեպետ Սուրենը` վեցերորդ, իսկ Անին` հինգերորդ դասարան է, բայց երկուսն էլ հասցրել են սովորել թե՛ Հայաստանում ու թե՛ արտերկրում, և տարբերություններ նշել նրանց համար դժվար չէ:

Թե՛ Անին, թե՛ Սուրենը շատ են կարոտում իրենց ընկերներին, նշում են, որ ամենամեծ տարբերությունը երեխաների միջև է: «Այստեղ իսկական ընկերություն չկա: Երկերեսանի ու էգոիստ են մեր շրջապատի երեխաները. կարող են այսօր գոռալ, նեղացնել ինձ, բայց վաղը տեսնեն, որ մոտս մի համով բան կա, մոտենան ու ջերմ-ջերմ խոսեն: Նախանձ են, դրանից ելնելով` կարող է ասեն բաներ, որ վատ զգաս քեզ: Ինձ դուր է գալիս, որ ճիշտն են ասում, բայց այստեղ այդպես չէ»,- պատմում է Անին:
Սուրենն էլ խնդիրներ է ունեցել դասարանցիների հետ: Շատ բան չցանկացավ պատմել, միայն ասաց, որ տղամարդու բնավորություն չունեն տղաները, ինչն իրեն շատ է բարկացնում: Կռիվներ հիմա էլ անում է, բայց համեմատաբար ավելի քիչ:
Մայրիկի միջոցով իմացանք կռիվներից մեկի պատճառը:

Մի տղա Սուրենին ասել էր. «Ինչ նուրբ, սիրուն ես, ոնց որ աղջիկ լինես»: Սուրենին դա շատ էր բարկացրել, ծեծել էր ասողին, հետո տնօրենն էր բացատրել, որ ասվածը նշանակում է` շատ գեղեցիկ ես, և նեղանալ պետք չէ, իսկ Սուրենը վիրավորվել էր դրանից: «Ինքը շեշտեց` «աղջկա պես», ինձ իրավունք չունի նման բան ասի»,- պատասխանել էր Սուրենը:

Անին էլ իր հերթին` վեճեր է ունենում. «Դպրոցում մենք կոշիկները միշտ փոխում ենք: Մի անգամ դպրոցի կոշիկներս մոռացել էի. ծաղրում էին, ասում` փող չունես, որ կոշիկ չես առնում քեզ համար: Ու էսպես ամիսը մի չորս անգամ վիճում եմ երեխեքի հետ, բայց իրենք են սկսում կռիվը»:

Չնայած դժվարություններին` Անին ու Սուրենը լավ են սովորում, նույնիսկ լեզվի հետ կապված խնդիրներ չեն ունեցել. սովորել են մեկ ամսում, ինչը զարմացրել է շատերին:

Երեխաների համար դպրոցը նաև շատ առավելություններ ունի: «Այստեղ բոլորն ունեն իրենց ես-ը, իրենց իրավունքը: Դասատուներին գժվացնելու սովորություն չունեն, բայց դասամիջոցին ինչ ուզեն` կանեն: Երբ նոր էինք եկել, զարմացել էինք, թե ո՞նց կարող է դասատուն դասամիջոցին նստի սեղանի վրա և ուտի կամ սուրճ խմի և նույնիսկ աշակերտներին էլ առաջարկի իր ուտելիքից, բայց ժամանակի ընթացքում սովորեցինք, հիմա չենք զարմանում»,- պատմում է Սուրենը: Իսկ Անին շարունակում է. «Այստեղի դասատուներն ավելի բարի են. Երևանում ջղայնանում էին, իսկ այստեղ չեն կարող, քեզ կպնեն` կարող ես Ոստիկանություն դիմել: Հիգիենան է շատ լավ այստեղ. կոշիկները հանում են, թուղթ գետնին չեն գցում: Բայց մի տարօրինակ սովորություն էլ ունեն. ես կարող է դպրոց գնամ ջինսով, գեղեցիկ բլուզներով, իսկ այստեղի աղջիկները` տան շորերով»:

Իրականում Անին ու Սուրենը դժգոհ չեն դպրոցական կյանքից: Շատ են սիրում հատկապես տնօրենին: «Նա շատ սիրալիր է մեր հանդեպ, նվերներ է տալիս, ու հաճախ երեխաները դրա համար էլ նախանձում են մեզ: Ուսուցիչներն էլ մեզ բոլորի պես են վերաբերվում. տարբերություն չեն դնում, գնահատում են մեզ»,- պատմում են երեխաները:

Նրանք հիշում են` երբ առաջին օրը դպրոց գնացին, տնօրենը կանչեց բեմ, ասաց. «Երկու նոր բալիկ ունենք, լավ վերաբերվեք, նրանց ձեր օգնությունն է պետք»:

Անին հիշում է, որ մի ամբողջ դասընթաց էլ նվիրել են Հայաստանին ու Հայաստանի պատմությանը, որպեսզի երեխաներն ավելի լավ հասկանան, թե որտեղից է նոր դասարանցին. «Տնօրենը ներկայացրեց, որ Հայաստանը, ճիշտ է, փոքր երկիր է, բայց մեծ պատմություն ունի. այն երկիրն է, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը, Արարատ ունի, և այլն: Նույնիսկ հետո գրատախտակին գրել տվեց Տերունական աղոթքը, և ես կարդացի բոլորի համար: Դրանով հանդերձ` կային երեխաներ, որ նույնիսկ ասում էին` դուք ի՞նչ երկրից եք, նույնիսկ քարտեզի վրա չկա»:

Իրենց դասավանդվող առարկաներից երկուսն էլ ավելի սիրում են մաթեմատիկան, նկարչությունն ու անգլերենը: Սուրենը նույնիսկ արդեն որոշել է` ատամնաբույժ է դառնալու:

Թե՛ Անին, թե՛ Սուրենը շատ են ուզում Հայաստան գալ, հատկապես ընկերների համար: «Երևանի ընկերուհիներս ամեն ինչով են լավը. Կարող եմ ամեն ինչ վստահել, իսկ այստեղ չեմ կարող. կգնան մեկ ուրիշին կպատմեն: Այստեղ ընկերություն չկա, սուտ է, ամենաշատը մի քանի շաբաթ կարող են ընկերություն անել: Հայաստանում միշտ տեսնում էի ընկերուհիներիս, իրար տուն էինք գնում, իսկ այստեղ էդպիսի բան չկա, նույնիսկ բակ էլ չենք իջնում, որովհետև ընկերներ չունենք»,- նշում է Անին: Նա նաև իր տունը, ծանոթներին, իր պանդային է կարոտում, իսկ Սուրենը շատ է կարոտում ընկերներին ու Կասկադը:

Թեպետ երկուսի համար էլ սովորելը հեշտ է դպրոցում, բայց ընդհանուր առմամբ արտերկրում ապրելը դժվար են համարում: «Այստեղ լավ է այնքանով, որ Եվրոպա է, այցելում ենք ուրիշ երկրներ»,- ասում է Սուրենը, իսկ Անին հավելում է, որ իրականում իրենց կյանքն արտերկրում մեկ սև է, մեկ սպիտակ: Իսկ թե ինչ խորհուրդ կտան մարդկանց, որոնք ցանկանում են Եվրոպա գնալ` Անին միանշանակ պատասխանեց, որ չարժի, իսկ Սուրենը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Կարող եք գալ, վատ չի լինի, բայց որ լավ չլինի, ինձ չմեղադրեք»:

Լուսանկարը՝ WIKIMEDIA-ից
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s